14 / Սեպտեմբեր / 2020 : 12-28

Կլիմայական փոփոխությունների պատճառով Վանա լճի ջրի մակարդակն իջնում է

Վանա լճի ջրի մակարդակը վերջին տարիների ընթացքում կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով զգալի նվազում է: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Էդրեմիթ շրջանի առափնյա վայրերում ջրի մակարդակի իջեցման հետևանքով ցամաք են դուրս եկել նախկինում խորտակված ձկնորսական նավեր:

Վանի համալսարանի պրոֆեսոր Ֆարուք Ալաեդինօղլուն գործակալության հետ զրույցում նշել է, որ գլոբալ տաքացման հետևանքով այլևս հնարավոր չի լինի լճի մակարդակը բարձրացնել նախկին չափով:

«Նախկինում լճում ջրի մակարդակի ուղղահայաց տարբերությունները (կախված սեզոնից) արտահայտվում էին 25-30 սանտիմետրով, այսօր տարբերությունը 1 մետրի է հասնում: Արդյունքում, մենք կարող ենք հստակ ասել, որ կլիմայի գլոբալ փոփոխությունն ազդում է Վանա լճի և այլ լճերի ջրերի մակարդակի աստիճանական նվազման վրա»,-ասել է Ալաեդինօղլուն:

Ընդգծելով, որ կլիմայի գլոբալ փոփոխությունն ազդում է բոլոր լճերի, հատկապես Վանա լճի վրա, Ալաեդդինօղլուն նշել է. «Տեղումների քանակի հարցում լուրջ տարբերություն չկա: Լուրջ տարբերություններ կան ամբողջ տարվա ընթացքում տեղումների ձևի, սեզոնների միջև դրանց բաշխման հարցերում: Իրականում, հիմնական խնդիրը կապված չէ տեղումների նվազման հետ: Հիմնական պատճառը ոչ թե անձրևի սակավությունն է, այլ գոլորշիացման ավելցուկը»:

Լճի մակարդակի իջեցումից հետո տարածքում ֆլամինգոներ և տարբեր տեսակի թռչուններ են հայտնվել, որոնք բավականին գեղեցիկ տեսարաններ են ստեղծում:

Դիտվել է 10527անգամ
Վերջին լուրեր