14 / Սեպտեմբեր / 2020 : 15-46

Հագուստի մաքսազերծումը թանկացել է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ. փոփոխությունները բխում են ԵԱՏՄ-ում մեր պարտավորություններից

Ինչպես հայտնի է՝ 2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։

Նախկինում գործել է մաքսազերծման մի տարբերակ, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։ Ներկայիս փոփոխությունը բերել է մաքսային արժեքի բարձրացման, ինչն էլ առաջացրել է առևտրականների դժգոհությունը։ Վերջիններս այս առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով փոփոխված ընթացակարգի վերաբերյալ։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

Այժմ սահմանված է հագուստի արժեքի 30%-ի չափով մաքսատուրքի վճարման համակարգ։ Սա նշանակում է, որ թանկացում սպասվում է, բայց ոչ թե 6, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։ Ըստ ՊԵԿ հաշվարկների՝ եթե ներկրողը Թուրքիայում ջինս է գնում և դրա դիմաց վճարում է 7 դոլար, ապա մաքսազերծման համար պետք է վճարի մոտ 2,4 դոլար։ Հսկիչ գները սահմավել են շուկան ուսումնասիրելուց հետո, իսկ գներ կիրառվում են, քանի որ Թուրքիայից ներմուծած ապրանքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը ՀՀ-ում օրինական ուժ չունի։

Նկատենք նաև, որ մաքսազերծման նոր ընթացակարգը բխում է ԵԱՏՄ մեր պարտավորություններից։ Սա ենթադրում է, որ ավելի քան 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվում են այլ դրույքաչափերով:

Հիշեցնենք, որ մաքսազերծման գործընթացում 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հանցավոր սխեմաներ։ Մասնավորապես խոշոր ընկերություններից մեկը ներմուծված ապրանքները ճիշտ տեսականիով և անունով չէր հայտարարագրել ու մաքսազերծել, որով խուսափել  էր հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ կատարելուց՝ հասցնելով պետությանը 7 մլն դոլարի վնաս։ ՊԵԿ-ը միջանկյալ սխեմա էր մշակել ներմուծողների համար։ Ապրանքների հաշվարկը մինչև սեպտեմբերի 1-ը կատարվում էր կիլոգրամներով, յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողները վճարել են 3,25 դոլար։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Դիտվել է 7824անգամ
Վերջին լուրեր