Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 13-36

«Կուզենայի պատերազմ չլիներ.  պատերազմը լավ բան չէ». ռազմական բժիշկ, փոխգնդապետ Վահան Ոսկանյան

Ռազմական բժշկի ունեցած մարդասիրական առաքելության, Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բժշկական ծառայությունների և այլ հարցերի մասին Yelaket.am-ի «Մեդիֆիլդ» խորագիրը կրող հարթակը ներկայացնում է   վնասվածքաբան-օրթոպեդ,  փոխգնդապետ Վահան Ոսկանյանի հարցազրույցը, որի առավել մանրամասները կներկայացվի «Մեդիֆիլդ» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրում:

Վահան Ոսկանյանի փոխանցմամբ՝ մեր ռազմական բժշկության բոլոր օղակների  կատարած որակյալ աշխատանքի շնորհիվ փրկվել են բազմաթիվ հայ զինվորների կյանքեր:

-Ե՞րբ որոշեցիք, որ պետք է  ռազմական բժիշկ լինեք, և ո՞րն էր ձեր որոշման շարժառիթը:

-Ռազմական բժիշկ դառնալու որոշումս կայացրել եմ դեռևս մանկուց, քանի որ  երկու մասնագիտությունները՝ զինվորականի և բժշկի, մեր ընտանիքում հոգեհարազատ մասնագիտություններ էին.  պապիկս եղել է զինվորական, իսկ  քեռիս՝ բժիշկ: Համատեղելով այս երկու մասնագիտությունները՝  որոշեցի դառնալ ռազմական բժիշկ:

-Ի՞նչ առանձնահատկություններով կամ հատկանիշներով պետք է օժտված լինի  ռազմական բժիշկը, և որո՞նք են այն տարբերությունները, որ գոյություն ունեն ռազմական  և քաղաքացիական բժշկի միջև:

- Ընդհանուր առմամբ, ռազմական բժշկությունն ու քաղաքացիական բժշկությունն իրարից  ոչնչով չեն տարբերվում: Երկուսի նպատակն էլ նույնն է՝ բուժել հիվանդներին, կանխարգելել հիվանդությունները:   Ի տարբերություն քաղաքացիական բժիշկների՝   Հիպոկրատի երդումից բացի մենք նաև զինվորական երդում ենք տալիս և պատասխան տալիս մեր համազգեստի համար: Չենք ընտրում մեր աշխատանքի վայրը, մեր ցանկացած միջավայրը. մենք վերադասի՝ հրամանատարության կողմից գործուղվում ենք այնտեղ, որտեղ  մեր մասնագիտական հմտությունների կարիքը կա, և մեր մասնագիտական գիտելիքները կիրառում ենք այն տարածաշրջանում, որտեղ կա դրա անհրաժեշտությունը:

-Տեսակետ կա, որ ռազմական բժշկի  մասնագիտությունը ամենամարդասիրականներից մեկն է, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս կարծիքին:

- Ընդհանուր առմամբ, ամբողջ զինված ուժերն են  կատարում  մարդասիրական առաքելություններ, այդ առումով՝  անբաժան մաս չեն կազմում նաև  ռազմական բժիշկները, ովքեր զինված ուժերի կազմով մարդասիրական առաքելության նպատակով մեկնում են այլ պետություններ: Միաժամանակ բուժօգնություն են ցուցաբերում  թե՛ տվյալ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին,  թե՛ տեղի ազգաբնակչությանը: Այդ իսկ  պատճառով ռազմական բժիշկներն ամենամարդասիրական մասնագետներն  են:

- Դու՛ք նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում որպես բժիշկ-վնասվածքաբան բժշկական ծառայություններ եք իրականացրել՝ կատարելով բարդ վիրահատություններ, փրկել ծանր վիրավորված զինծառայողների կյանքեր /արդյո՞ք եղել են ռազմադաշտում բժշկական միջամտություններ/, եթե հետհայացք գցեք հիշյալ օրերին, ի՞նչ գնահատական կտայիք ձեր գործունեությանը, և ընդհանրապես, ի՞նչը կուզենայիք, որ այլ կերպ լիներ:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ  ի պատիվ մեր ռազմական բժշկության բոլոր օղակների՝ սկսած սանհրահանգիչներից, բուժակներից մինչև մասնագիտական բուժօգնության էտապ, կատարել ենք բազմաթիվ բարդ առաջադրանքներ և պատվով դուրս ենք եկել այդ խնդրից: Շնորհիվ սանհրահանգիչների և բուժակների մարտի դաշտում ցուցաբերվել է որակյալ  առաջին բուժօգնություն, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր: Մեր վերադաս հրամանատարության կողմից կայացվել է որոշում, որպեսզի որակավորված մասնագիտական բժշկական էտապն  ավելի շատ մոտեցնենք առաջնագծին. դրանով իսկ կրճատենք այն ոսկե ժամանակը, որն անհրաժեշտ էր վիրավորին, այսինքն՝ կրճատել ենք բուժտարհանման բազուկը: Այս մոտեցման արդյունքում, մենք կարողացել ենք փրկել բազում-բազում կյանքեր: Ցանկանում եմ  շեշտել, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ այն ուղղվածությամբ, որտեղ ես ղեկավարել եմ, մեր թիմային աշխատանքի շնորհիվ բոլոր վիրավորները որոնք հասել են որակավորված բուժտարհանված էտապ՝ առողջացել են, մահ չի գրանցվել:

Առհասարակ կուզենայի պատերազմ չլիներ:  Պատերազմը լավ բան չէ:

- Այդ օրերին առնչվող Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում արդյո՞ք կան առավել տպավորիչ դրվագներ:

- Ապրիլյան պատերազմի ժամանակ, մոտավորապես ապրիլի 4-ին, 5-ին, մենք բազմաթիվ նամակներ ստացանք: Տպավորիչը՝  մի փոքրիկ աղջնակի գրած հուզիչ բովանդակությամբ նամակն էր: Նամակում ընդհանուր առմամբ զինվորներին հղված բարեմաղթանքներ էին, բայց ուշագրավն այն էր, որ այդ նամակում փոքրիկի ձեռքով պատրաստված խաչ կար և վերջում մի տողով գրված էր՝ «Թո՛ղ խաչը պահապան լինի քեզ՝ իմ քա՛ջ զինվոր»:

-Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը, ինչպե՞ս կբանաձևեք այն:

-Իմ ընտանիքը՝ կինս ու երեխաներս, որտեղ եղել եմ ծառայության բերումով, միշտ  ինձ հետ են եղել: Ընտանիքը՝ ամրություն է, սրբություն, այն ուժ է ու եռանդ: Այն օգնում է, որ ավելի եռանդով քո ծառայությունը մատուցես հայրենիքիդ: Առանց ընտանիքի՝ շատ դժվար կլիներ տարբեր տեղեր ծառայել: Դրա համար միշտ պետք է, որ ընտանիքը լինի քո կողքին: Զինծառայողի համար դա շատ կարևոր է:

-Այսօր էլ մեր երկիրը համարվում է պատերազմող,   ռազմաբժշկական ծառայությունն այս առումով այսօր էլ առաջնային է ու պահանջված, ի՞նչ կհղեիք դժվարին  առաքելություն իրականացնող Ձեր գործընկերներին, և ընդհանրապես, առաջնագծում օրուգիշեր  կանգնած հայ զինվորին, սպային և այս բնագավառի մյուս բոլոր նվիրյալներին:

-Իմ կոլեգաներին՝ ռազմական բժիշկներին որպես բժիշկ կցանկանամ առողջություն, որոշումների մեջ լինեն հաստատակամ և իրենց մարդասիրական, բարդ մասնագիտությունը ի շահ ծառայեցնեն մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, այսինքն՝ զինվորի առողջության պահպանմամբ բարձրացնենք մեր զինված ուժերի մարտունակությունը: Իսկ մեր զինծառայողներին կմաղթեմ ևս քաջ առողջություն, անամպ երկինք,  ամենակարևորը՝ առողջ  վերադառնան  իրենց տուն:

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել մեր երկիրը:

-Ես կցանկանայի տեսնել հզոր, խաղաղ, առողջ հայրենիք:

 

Հարցազրույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ «Մեդիֆիլդ» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրի առաջիկա համարում

Author's cover photo
Ամսաթիվ 15 / Սեպտեմբեր / 2020 : 13-36
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 214514անգամ
Վերջին լուրեր