Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»:
Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը,- նշված է Հռչակագրում։
«Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը:
Իսկ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը, նպաստում է մշակույթների բազմազանությանն ու ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը»,- ընդգծել է Մյուրիել Բաուզերը։

Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի դեսպանատան և Կոլումբիայի շրջանի միջև համագործակցությունը:
Այսօր, Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակը։