08 / Ապրիլ / 2020 : 20-07

 

Կորոնավիրուսն Արցախ տարած կինն իմացել է, որ վարակվածի հետ է շփվել

Արցախում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվեց երեկ: Վարակակիրը Քաշաթաղ շրջանի Միրիկ գյուղի բնակիչ է, ով Հայաստանի Արտաշատի շրջանից Արցախ է գնացել մարտի 30-ին, սակայն մեկուսացվել է ապրիլի 2-ին, իսկ փորձանմուշը, որով պետք է հաստատվեր նրա վարակակիր լինելը, Հայաստան է ուղարկվել ապրիլի 6-ին:

Արցախի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ քաղաքացին ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ է վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Ինչու կինը չի մեկուսացվել Արցախ հասնելուն պես՝ պարզ չէ, այնուամենայնիվ, վարակակիրը ժամանակը շատ «արդյունավետ» է օգտագործել և հասցրել է հարևանների և գյուղաբնակների մեծ մասի հետ շփվել:

«Մինչ մեկուսացվելը կինը ակտիվ շփման մեջ է եղել հարևանների և գյուղի բնակիչների հետ, նա մասնակցել է նաև Արցախի համապետական ընտրություններին»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Միրիկ գյուղի գյուղապետ Արտյոմ Ստեփանյանը:

Մեր այն տեղեկությունը, թե կնոջ երևանաբնակ բարեկամը վարակված է եղել, և ինքն էլ մինչ Արցախ գալը շփման մեջ է եղել բարեկամի հետ, գյուղապետը չհերքեց:

«Վարակված կնոջ փեսայի եղբայրն է վարակված եղել, բայց մինչ բացահայտելը նրանք շփում են ունեցել: Նա Արցախ է եկել ընտրություններին մասնակցելու համար»,- նշեց Ստեփանյանը:

Կինն ինքը հարևաններին պատմել է, որ բարեկամը վարակված է, նշել է նաև, որ իր գալու հաջորդ օրը Երևանում ապրող աղջիկը ջերմել է:

Գյուղապետից տեղեկացաք, որ վարակակիրը Արցախ եկել է տաքսիով, նրա հետ մեքենայում է եղել հարևան բնակիչներից մեկը: Գյուղի բնակիչներից մեկն էլ ասում է, որ վարակակիր կնոջ հետ վեց ժամ ճանապարհ եկած բնակչի ընտանիքի անդամերն այս օրերին այցելել են հարևան գյուղ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակակրի հետ շփման շրջանակը պարզվել է, նրանք մեկուսացված են իրենց տներում: Գյուղապետը պնդում է, որ ողջ գյուղում մարդկանց հետ բացատրական աշխատանքներ են տարվում և հորդորում մնալ տանը: Վարակակիր կնոջ ընտանիքը ևս տանն է մեկուսացված, չնայած, հարևանուհին պնդում է, որ թոռնիկներն անընդհատ խաղում են փողոցում:

63-ամյա կինը վարակի հաստատումից հետո տեղափոխվել է Երևան:

 «Տեղում բուժելու հնարավորություն ունենք, բայց քանի որ սա առաջին դեպքն է, Հայաստանյան գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ռիսկային խմբում գտնվելու պատճառով նրան տեղափոխենք Հայաստանի Հանրապետություն»,- պարզաբանում է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com

Դիտվել է 5406անգամ
Վերջին լուրեր