08 / Ապրիլ / 2020 : 20-38

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:

Վարչապետին նախ զեկուցվել է կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին:

Մասնավորապես, նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Տնտեսական 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Զեկուցվել է, որ ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են եւ օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալներն օրեցօր էապես կմեծանան: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձ են կատարել նաեւ սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերի ընթացքին:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով շարունակել ծրագրերի մշտադիտարկումը, զեկուցել ընթացքի մասին:

Այնուհետեւ ներկայացվել են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ եւ գաղափարներ՝ աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է մշակել միջոցառումների նոր ծրագիր եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:

Դիտվել է 3884անգամ
Վերջին լուրեր