Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2020 : 13-26

Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն

Մարդը ստեղծվել է գեղեցիկը տեսնելու համար, բայց ոչ բոլորն են ունակ տեսնել և գնահատել այն:

հետազոտությունները ցույց են տվել, որ հարցազրույցի ժամանակ աշխատանք են ստանում այն անձինք, ովքեր առավել  գրավիչ են: Այդ նույն հետազոտությունները բացահայտել են, որ աշակերտները ավելի շատ սիրում են արտաքնապես գրավիչ ուսուցիչների և համարում են նրանց ավելի խելացի ու մասնագիտացված: Հայտնի է, որ փոքր երեխաները դրական են արձագանքում գեղեցիկ անձանց: Նույնիսկ Աստվածաշնչում նշված գեղեցիկ կույս օրիորդները ամուսնանում էին հարուստ թագավորների հետ:

Իսկ կարելի՞ է այս ամենի հետ վիճել:

Ցիցերոնն ասում էր, որ իմաստունի ամենամեծ խիզախությունն ու պարտականությունը արտաքինով չգերվելն է:

Ժամանակակից սոցիալական հոգեբանությունն ապացուցել է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր խորապես համոզված են, որ մարդուն գնահատելիս արտաքին տեսքը երկրորդական է և այն գնահատելու համար  պետք է հաշվի առնել  նրա հոգեբանական նկարագիրը` արժանիքները և թերությունները, այնուամենայնիվ, առաջին հայացքից նույն մարդիկ ձեզ ուշադրություն չեն դարձնի, եթե  ձեր արտաքինը չգրավի նրանց, որովհետև մեզ բոլորիս առաջին հայացքից  գրավում է գեղեցիկը:

Շեքսպիրն ասել է. «Գեղեցկությունը գնվում է աչքի դատումով»:

Այն հարցը, թե կյանքի ընկեր ընտրելիս` ո՞րն է առավել  կարևորը` արտաքին, թե՞ ներքին գեղեցկությունը:

Այդպիսի  ընտրություն կատարելիս  կանայք և տղամարդիկ նախապատվությունը  տալիս են արտաքինին: Հատկապես տղամարդիկ առաջին հանդիպումների ժամանակ ավելի հեշտությամբ են ընկնում արտաքին գրավչության ծուղակը, քան կանայք, քանի  որ տղամարդիկ հակված են կնոջ մեջ տեսնել՝ երեխա լույս աշխարհ բերող էակի, իսկ կինն ամուսնու մեջ հենարան է որոնում, հոգևոր հենարան: Այնուամենայնիվ, առավել հաշտ ու խաղաղ ամուսնական զույգեր կազմում են հոգեբանորեն ավելի հարմարված անձինք:

Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարի կինը սրտին: Առաջինը մի գեղեցիկ բան է, իսկ երկրորդը՝ հարստություն:

Ըստ Կոկո Շանելի՝ «Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, այլապես ոչ մի շպար չի օգնի»:

Շատերը ձգտում են ստանալ գեղեցիկ դեմք և անթերի մարմին՝ բոտեկսի ներարկումների և պլաստիկ վիրաբուժական տարբեր հրաշքների օգնությամբ, բայց այդ ամենը հավերժ չէ, քանի որ բնական չէ:

Կարելի է որոնել դեմքի գեղեցկությունը ներքինում, թե ինչպես է մարդը ներկայացնում իր ներքին աշխարհը:

Կարևոր չէ, որքանով է գեղեցիկ մարդը, այլ այն, թե որքան բնական է  նրանից բխող ներաշխարհը: Գեղեցկությունը` բարության, խաղաղ բնավորության, վստահության և ներքին հանգստության մեջ է:

Երբ ճանաչում եք մարդուն, անշուշտ, ներքին գեղեցկությունը գերադասում եք արտաքինից, և հասկանում` թե որքան կարևոր է ունենալ գեղեցիկ ներաշխարհ, իսկ առավել գնահատելի է մարդու արտաքին և ներքին գեղեցկության ներդաշնակությունը, որը մարդկային երջանկության ամենկարևոր գրավականն է:

Այսպիսով, առավել ընդունելին և գնահատելին մարդկային փոխհարաբերություններում մարդու ներաշխարհի գեղեցկությունն է, որը ի հակառակ արտաքին գեղեցկության, պահպանվում է ընդմիշտ:

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Հունվար / 2020 : 13-26
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 84347անգամ
Վերջին լուրեր