30 / Սեպտեմբեր / 2020 : 17-54

Վրաստանի վարչապետը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել է բանակցություններ վարել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հակամարտող կողմերին առաջարկել է բանակցություններ վարել Թբիլիսիում հակամարտության լուծման շուրջ, գրում է Sputnik Georgia-ն։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հերթական ռազմական դիմակայության արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ կորուստներ, եւ, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը եւ երկխոսության վերսկսումը դեռեւս հնարավոր չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային մասնակիցներին առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ լարվածությունը դադարեցնելու եւ երկխոսությունը վերսկսելու համար», - հայտարարել է Գախարիան։

Նա նշել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների հետ՝ և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։

«Պատմականորեն Վրաստանում բնակվող ադրբեջանցիներն ու հայերը մեր քաղաքացիներն են եւ միշտ կարեւոր դեր են խաղացել ոչ միայն մեր երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի զարգացման եւ հզորացման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները կարող են ողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման գոտի», - ասել է վարչապետը։

Գեորգի Գախարիան ընդգծել է, որ ընդհանուր շահերից է բխում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այդ գործընթացին, այդ թվում ՝ անցկացնել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում Թբիլիսիում՝ երկխոսություն անցկացնելու նպատակով, հայտարարել է նա։

 
 
 
 

Դիտվել է 29897անգամ
Վերջին լուրեր