Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հոկտեմբեր / 2020 : 19-19

Վրաստանի ոստիկանությունը հետաքննում է Հայաստան տանող ինտերնետային մալուխների վնասման երկու դեպք

Վրաստանի ոստիկանությունը հետաքննում է Հայաստան տանող ինտերնետային մալուխներին վնասման երկու փաստը, նշվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությանն առընթեր Դմանիսիի եւ Մառնեուլիի ոստիկանության բաժանմունքներն արդեն հետաքննություն են սկսել միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստով: Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ արձագանքել են: Այս պահին խնդիրն արդեն լուծված է, եւ ինտերնետը վերականգնվել է:

Ըստ գերատեսչության` սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հեռացրել են հողը եւ վնասել ստորգետնյա հեռահաղորդակցման օպտիկամանրաթելային մալուխները Դմանիսիի Օրոզմանի գյուղի մոտակայքում: Անհայտ անձինք կտրել են ընկերությանը պատկանող միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխը, որը Սեւ ծովից գալիս էր Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ուղղությամբ: Փաստի վերաբերյալ համապատասխան հաղորդումը ընկերության ներկայացուցիչը ոստիկանություն էր ներկայացրել սեպտեմբերի 30-ին` դեպքից երեք ժամ անց: Ոստիկանության Դմանիսիի բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի I մասի 187-րդ հոդվածով նախատեսված հանցագործության փաստով:

Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին Silknet ընկերությունը տեղեկություն է ստացել, համաձայն որի Սադախլո գյուղում վնասվել է դրան պատկանող օպտիկամանրաթելային մալուխը: Տեղ հասնելուն պես, ընկերության ներկայացուցիչները պարզել են, որ ջրատարով անցնող օպտիկամանրաթելային մալուխը կտրված է: Նշված մալուխը տեղական բնակիչներին ինտերնետային ծառայություններով էր ապահովում եւ միացված էր Հայաստանի Հանրապետության ինտերնետ մատակարարման համակարգին:

Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի I մասի 187-րդ հոդվածի հատկանիշներով:

Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությանն առընթեր Դմանիսիի եւ Մառնեուլիի ոստիկանական բաժանմունքներում քննչական գործողություններ են ընթանում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստի վերաբերյալ: Նաեւ օպերատիվ-որոնողական ակտիվ միջոցառումներ են  ձեռնարկվում` հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:

Դիտվել է 20066անգամ
Վերջին լուրեր