Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2020 : 13-07

«Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,

Դեպի բարձունքը մեծ Հաղթանակի...»

 

ԱՎԵՏԻՔ   ԻՍԱՀԱԿՅԱՆ

ՌԱԶՄԱԿՈՉ

Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:

Հողմեր են փչում, շաչում են հողմեր

Դավաճան երկրից մեր նենգ թշնամու

Մեր նվիրական դաշտերի վրա:

Գոռ ալիքներն են լեռնանում ըմբոստ

Մեր խռովահույզ ծովերի վրա:

Է՜յ ազատ Մասիս, երկնասույզ գահեր,

Է՜յ երկաթակուռ խրոխտ գագաթներ,

Շանթե՞ր եք զոդում, սուրե՞ր եք կռում,

Հրեղեն ցասում ընդդեմ թշնամուն:

Էյհե՜յ, լսեցեք. Վեհ հայրենիքի

Կտրիճ զավակներ, ժողովուրդներ քաջ,

Ելե՛ք, զարթնեցե՛ք,կանգնեցե՛ք արթուն.

Գիտցե՛ք, քնում են գետերն ու քամին,

Սակայն չի քնում, երբեք թշնամին:

Ահա՛ ոճրամիտ մեր ոսոխը չար

Շղթա է բերում, լուծ ու կապանքներ`

Ընկճելու ազատ մեր եղբայրներին

Եվ անարգելու հայրենիքը մեր:

Էյհե՛յ, լսեցեք, ձայն տվեք իրար,

Ամե՞նքդ եք ոտքի, մարդ քնած չկա՞.

Շո՛ւտ հագեք-կապեք զենքեր ու զրահ,

Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,

Գոտեպնդվեցե՛ք անձնազոհ կամքով,

Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով,

Շառաչե՛ք ուժգին, կաղնիներ հզոր,

Խոլ վրնջացե՛ք, նժույգներ խիզախ,

Մրրիկի նման զարկեցե՛ք շեփոր,

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,

Դեպի ռազմի դաշտ սուրբ դրոշի տակ

Դեպի բարձունքը մահի ու փառքի,

Վանեցե՛ք հեռու թշնամուն վայրագ,

Մեր խրճիթներից, մեր հնձաններից,

Մեր արտ ու կալից վանեցե՛ք հեռու:

Հավերժ պիտ մնա հայրենիքը մեր,

Հզոր և ազատ և հավերժ կանգուն

Մեր իդեալների սուրբ արևի տակ:

 

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,

Դեպի բարձունքը մեծ Հաղթանակի:

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Հոկտեմբեր / 2020 : 13-07
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 53750անգամ
Վերջին լուրեր