Միջազգային հանրությունը լիակատար անկարողություն է դրսևորել Լեռնային Ղարաբաղի հարցում. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունը լիակատար անկարողություն է դրսևորել Լեռնային Ղարաբաղի հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` երկրի ԵՄ անդամակցության հարցով Ազգային կոնվենտի հետ հանդիպմանը:
Վուչիչը հայտարարել է, որ դեմ է Կոսովոյի և Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս առճակատումը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»:
«Այս հակամարտությունում մենք տեսել են ողջ միջազգային հանրության բացարձակ անկարողությունը, այդ իսկ պատճառով ես դեմ եմ Բալկաններում սառեցված վիճակում գտնվող հակամարտություններին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնցում միջազգային հանրությունն անուժ է: Այդ պատճառով ես կողմ եմ, որ հարցերը պետք է լուծվեն այսօր և վաղը, և ոչ թե թողնվեն մեր երեխաներին»,- հայտարարել է նա։