«Ամեն օր մի նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները The National-ին պատմել են Թուրքիայի կողմից հավաքագրվելու և Ադրբեջան մեկնելու մասին
Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող The National պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալներին և հատվածներ ներկայացրել նրանց հետ զրույցից:
Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք մենք այստեղ»:
Պարբերականը հայտնում է, որ զինյալները կռվի են եկել՝ հանուն գումարի, սակայն հարվածների տարափը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքների մասին:
The National-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիների է ուղարկել՝ Ադրբեջանի կողմից կռվելու:
«Ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից, ուր ստիպված էինք փախչել»,- պարբերականին հաղորդել է 24-ամյա Իբրահիմը, ով, ըստ հոդվածագրի, «սարսափած ձայնով էր խոսում»:
«Մեզ ծանր հարված են հասցրել: Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ նույնիսկ հաշվել չեմ կարող: Չգիտեմ՝ ինչ ենք անում այստեղ: Նույնիսկ գումարը պատճառ չէ այս սարսափ ֆիլմում գտնվելու համար: Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»,- ասել է սիրիացի վարձկանը:
Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը, որոնց կողքին իրենք պետք է կռվեին, իրենցից մի քանի կիլոմետր ետ են, և իրենց խմբին աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:
«Սուլթան Մուրադի բրիգադ» խմբավորման անդամ Իբրահիմը գտնվում է անմիջապես առաջնագծում՝ Իրանի սահմանի մոտ: Նա պատմել է, որ երեք շաբաթ առաջ զինյալների սպաներից մեկը կամավորների է հավաքագրել «Ադրբեջանում թուրքական գործողությունների համար»:
«Մեզնից շատերը հրաժարվեցին, քանի որ տեսել էին, թե ինչ է տեղի ունեցել Լիբիայում Թուրքիայի միջամտությունից հետո: Բայց ես մտածեցի, որ կարող եմ գումար վաստակել և մինչև ձմեռ ընտանիքս հանել ծանր դրությունից», – ասել է Իբրահիմը:
Իբրահիմին առաջարկել են պայմանագիր կնքել 3 ամսով, ամսական 1300 դոլար աշխատավարձով: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ռազմական գործողությունների սկսվելուց 3 օր առաջ: Ըստ սիրիացի վարձկանի հաշվարկների՝ Ղարաբաղում մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում:
«Միայն ուրբաթ օրը 6 զոհ ունեցանք և 30 վիրավոր, որոնց ստիպված էին Բաքու տեղափոխել», – ասել է Իբրահիմը:
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մահացել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ավելի քան 30-ը վիրավորվել է:
Մեկ այլ սիրիացի՝ Համիդը, պատմել է, որ սեպտեմբերի 18-ից Լեռնային Ղարաբաղ է ուղարկել իր մարդկանցից 15-ին: Ըստ նրա՝ վարձկանները հիմնականում «Սուլթան Մուրադի բրիգադ» և «Ալ Համզա դիվիզիա» կոչվող սիրիական ընդդիմադիր զինված խմբերից են, սակայն շատերը դեռ միանում են, և ամեն օր մի նոր շարասյուն է մեկնում:
Ըստ Համիդի՝ կամավորների պակաս չկա: Թուրքիայի իշխանությունները գրանցել են արդեն մի քանի հազար հոգու:
Երեք երեխաների հայր 28-ամյա Մոհամմեդը Բաքու է ժամանել հոկտեմբերի 2-ին:
«Երբ մենք իջանք ինքնաթիռից, մեզ զինվորական շարասյունով բերեցին առաջնագիծ, որտեղ մենք թուրքական բազայում ենք գտնվում: Ցուրտ է, մենք լեզուն չենք հասկանում: Սպաները մեզ թույլ են տալիս ինտերնետից օգտվել միայն մեր ընտանիքներին տեղեկացնելու համար»,- պարբերականին հայտնել է Մոհամմեդը:
Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը հերքում է վարձկանների օգտագործելու մասին տեղեկությունները: