Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2020 : 10-38

«Էվրիկա» դպրոցում նշել են Բարեկենդանը (տեսանյութ). (լուսանկարներ)

Երևանի «Էվրիկա» դպրոցում նշվել է հայկական ավանդական կենցաղում շատ սպասված ու սիրված տոներից մեկը՝ «Բարեկենդանը»։ Տոնի առթիվ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները հյուրընկալել են բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանին և «Սասուն» ազգագրական համույթին։  

Բարեկենդանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից մեկն է, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահքն ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն: 

 

Ինչպես նշում է «Էվրիկա» դպրոցի տնօրինությունը, «ազգային ավանդական արժեքների պահպանումն ու արժևորումը մատաղ սերնդի դաստիարակության կարևոր բաղադրիչներից է։ Միայն ազգային խորը գիտակցումով անհատը կարող է համամարդկային մարդասիրական արժեքների կրողը լինել»։  

Տոնի կապակցությամբ «Էվրիկա»-ի սաները պատրաստել էին Բարեկենդանի ավանդական ուտեստներ, տիկնիկներ ու երգեր։ Օրվա սկզբին նրանք իրենց կատարումներով ուրախացրին մանկավարժներին ու դպրոցի հյուրերին։ Այնուհետև աշակերտներն ու «Սասուն» ազգագրական համույթի անդամները միասին շուրջպար բռնեցին, խաղացին մի շարք՝ տոնի օրվան նվիրված ավանդական խաղեր։  

 Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դպրոցի սաներին ծանոթացրեց ազգագրական մի շարք երգերի ու պարերի պատմությանը։ Նա երեխաների հետ խոսում էր ընտանիքին ու Հայրենիքին հավատարիմ մնալու կարևորության մասին, խրատներ տալիս նրանց, հորդորում լավ սովորել և սիրել մեր ժողովրդի պատմությունն ու ավանդույթները։Օրն ավարտվեց երեխաների և դպրոցի աշխատակիցների կողմից պատրաստված ուտեստների հյուրասիրությամբ, երգ ու պարով։  

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Փետրվար / 2020 : 10-38
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 33499անգամ
Վերջին լուրեր