ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ՄՅՈՒՍԻ։ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՀԵՏ

AACP, LA, Oct 22: Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Լոս Անջելեսում Իսրայելի գլխավոր հյուպատոս Հիլել Նյումենի հետ, որին մասնակցել են Արևմտյան Ամերկայի Հայ Դատի գրասենյակի ատենապետ Նորա Հովսեփյանը, Արևմտյան Ամերկայի Հայ Դատի գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ Սաքո Բերբերյանը, Արևմտյան Ամերկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը։ Հանդիպման նպատակն էր հյուպատոսարանի միջոցով Իսրայելի կառավարությանը հասցնել ներկայումս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացվող ահաբեկչական գործողությունների շուրջ համայն հայության մտահոգություններն ու նրանց հակաօրինական գործողությունների փաստական ապացույցները։
Դռնփակ հանդիպումից հետո Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները հայկական և ամերիկյան լրատվամիջոցների հետ հանդիպել են անմիջապես հյուպատոսարանի շենքի դիմաց՝ մանրամասներ ներկայացնելով այս նախաձեռնությունից։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, այդ ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են մեր դիրքորոշումը, փաստեր, փաստաթղթեր և անհերքելի ապացույցներ ներկայացրել պատերազմի վերաբերյալ՝ էլ ավելի մատչելի դարձնելով գլխավոր հյուպատոսին ուղղված մեսիջները։
«Մենք կոնկրետ դրույթներ ներկայացրինք, որպեսզի գլխավոր հյուպատոսը փոխանցի Իսրայելի կառավարությանը, այն է՝ Իսրայելն անմիջապես դադարեցնի զինտեխնիկայի և ռազմական որևէ սարքավորման մատակարարումը Ադրբեջանին, անմիջապես դադարեցնի զենքերի և զինտեխնիկայի ընթացիկ վաճառքը Ադրբեջանին, կոչ Անի Ադրբեջանին իսրայելական զենքերը չկիրառել խաղաղ հայ բնակիչների վրա, ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և դատապարտի Թուրքիայի ներգրավվածությունը և թուրքական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։ Մենք հավատում ենք, որ Իսրայելի շահերից է բխում համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ Թուրքիայի նախագահ Էրդողանի էքսպանսիոնիստական ռազմավարությունը, տարածաշրջանում ընդարձակվելու նրա նեո-օսմանյան, պանթուրքիստական ծրագրերը ոչ միայն շահեկան չեն, այլ նաև սպառնալիք են թե Հայաստանի, և թե Իսրայելի համար»,-ասաց Արևմտյան Ամերկայի Հայ Դատի գրասենյակի ատենապետ Նորա Հովսեփյանը։
«Գլխավոր հյուպատոսը խոստացավ, որ մեր այդ ամբողջ հանդիպման սղագրումը, ինչպես նաև մեր տրամադրած փաստաթղթերի բավականին մեծ տրցակը կփոխանցվի ամենաբարձր ատյաններին։ Նշեմ, որ իքնը ժամանակին եղել է երեք տարբեր արտգործնախարարների գլխավոր օգնական, և նշեց որ ինքն իր հատուկ խողովակներն ունի, որպիսի շատ բարձր մակարդակներով հասցնի մեր այսօրվա հանդիպման մանրամասնությունները»,-ասաց Արևմտյան Ամերկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը։
Լոս Անջելեսում Իսրայելի գլխավոր Հյուպատոս Հիլել Նյումենը, Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների հետհանդիպումից հետո, մասնակցելով մամուլի ասուլիսին, առանց լրագրողների հարցերին պատասխանելու ներկայացրել է կարճ հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է. «Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ մենք քննարկեցինք ստեղծված զգայուն իրավիճակը։ Իսրայելը ցավակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտության հետևանքով անմեղ մարդկային կորուստների համար։
Իսրայելը հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստաին դաշնակից է համարում, և չի միացել պետություններից մեկին՝ ընդդեմ մյուսի։ Իսրայելը կոչ է անում հակամարտության խաղաղ կարգավորման՝ հույս հայտնելով, որ շնորհիվ երկու երկրների հետ ունեցած ընկերային հարաբերությունների, հնարավոր է ապագայում կարողանա միջնորդ հանդիսանալ խաղաղություն հաստատելու գործընթացում»։