27 / Հոկտեմբեր / 2020 : 00-02

Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի․ Ֆրենկ Փալոնե 

Մենք վերջնական պատկերացում կունենայինք, թե որ կողմը խախտեց ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է Ռոյս-Էնգելի 2015-ի առաջարկով: Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:

«Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է նա:

Ռոյս-Էնգելի առաջարկները, որոնք 2015-ի աշնանը առաջ են քաշել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելը, նախատեսում են դիպուկահարներին դուրս բերել շփման գծից եւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվել է նաեւ սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ տեղորոշիչներ, որոնք կբացահայտեին հրադադարի ռեժիմը խախտողին: Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց օրենսդիր Ջուդի Չուի փոփոխությունը` ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ Ռոյս-Էնգելի առաջարկի:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ը Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից հրադադարի ռեժիմի համաձայնության էին եկել: Սակայն Ադրբեջանը հերթական անգամ խախտեց պայմանավորվածությունը՝ գնդակոծելով Արցախի բնակավայրերը: Ավելին, Ադրբեջանը կտրուկ մեծացրել է կրակի խտությունը Արցախի սահմաններին: «Ժամը 17:00-ից կրակի խտությունը կտրուկ աճել է Արցախի սահմաններին: Հակառակորդը հրթիռային հրետանին ու տանկերն օգտագործում է ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուկի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Սա հրադադարի մասին երրորդ համաձայնագիրն է, որ խախտվում է Ադրբեջանի կողմից:

Դիտվել է 50696անգամ
Վերջին լուրեր