31 / Հոկտեմբեր / 2020 : 00-23

«Ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա...». Գեւորգ Մարզպետունի մաս 2

Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց․

— Ազնիվ իշխաններ և իշխանուհիք, սիրելի զինակիցներ և ժողովուրդ։ Անցան ահա մի քանի ամիսներ, հորմե հետե թագավորը բացակա է Ոստանից։ Ապստամբ իշխաններին նվաճելու համար նա հեռացավ այստեղից, բայց որովհետև անհաջողության հանդիպեց, ուստի քաշվեցավ Կաքավաբերդ և սպասում էր իշխանների օգնության։ Ոչ ոք տեղից չշարժվեցավ, ոչ ոք յուր թագավորին չհիշեց։ Ինձ թվում էր, թե եթե մինը մեզանից հանձն առնե միջնորդի պաշտոն և հորդորե բաժանված իշխաններին միանալու, անշուշտ նրանք արքայի շուրջը կժողովվին։ Եվ ահա՛ այդ պաշտոնը հանձն առանք ես և ազնիվ սեպուհ Վահրամը։ Երկար ճանապարհորդեցինք, ամբողջ Շիրակը, Աղձնիքը, Մոկաց աշխարհը և Վասպուրականը շրջեցինք, բոլոր իշխաններին այցելեցինք, ամենքին խնդրեցինք․ հորդորեցինք, որ միանան և թև ու թիկունք լինին արքային, պաշտպան՝ հայրենիքին ու գահին․ բայց ո՛չ ոք մեզ լսեց և ո՛չ ոք մեր խնդիրը հարգեց։ Ամեն մի իշխան յուր զորքերով ու պաշարով ամրացած է մի անառիկ բերդի մեջ․ ամեն ոք այդտեղ ապահով ապրում է յուր համար։ Բայց թե երկրի ժողովուրդը մնացել է անխնամ ու անպաշտպան, թե գահը մնացել է թափուր և արքան դարձել աստանդական, այդ մասին ոչ ոք չէ մտածում։ Նույնիսկ կաթողիկոսը միայն յուր փրկության համար հոգալով, շարունակ մի ամրոցից դեպի մյուսն է փախչում։ Նա էլ զլանում է հասարակաց օգտի համար հոգալու։ Եվ այս ամենի արդյունքը լինում է այն, որ ոստիկանը գրավում է մայրաքաղաքը, որ Բեշիրը քանդում ու ավերում է Այրիվանքը, գրավում է Բյուրականը, կոտորում ժողովուրդը, նահատակում է հոգևորականներին, և այսուհետև էլ գնալով ավելի պիտի ընդարձակե յուր ավերումների շրջանը։

 

Այս ամենը տեսնելով թագավորը, ավելի ես հուսահատվում և Կաքավաբերդից քաշվում է Սևան։ Այն դյուցազնը, որ մի օր թշնամու ահն ու սարսափն էր, որ չէր ընկճվում ո՛չ մի զորության առաջ, որ չէր խուսափում ո՛չ մի վտանգից, այժմ ապաստան է որոնում հոգևոր հայրերի խուցերում, որովհետև այլևս հույս չէ տածում յուր զինակիցների վրա․․․ Ամո՛թ մեզ, հայեր, ամո՛թ, ո՛վ զինակիցներ․․․

— Ի՞նչ անենք մենք, ի՞նչ կարող ենք անել․․․ — ձայն տվին այս ու այն կողմից։

— Ի՞նչ կարող ենք անել․․․ լավ հարց է․ լսեցեք, ես պիտի պատասխանեմ։ Մեր արդի դրությունը հայտնի է ձեզ բոլորիդ։ Հայրենիքը, ժողովուրդը, արքայական և կաթողիկոսական գահերը վտանգի մեջ են․ այդ գիտեք։ Գիտեք և այն, որ ես ձեր բոլորի կողմից, ողջ հայության կողմից դիմեցի կարող իշխանների օգնության, աղաչեցի, պաղատեցի նրանց՝ սպառնացող վտանգի առաջն առնել, ոչ ոք ինձ լսեց, ոչ ոք ինձ ընկերացավ։ Դատապարտո՞ւմ եք այդ մարդկանց, թե ոչ։

— Այո՛, Այո՛, դատապարտում ենք, — ձայն տվին այս ու այն կողմից։

— Բարի։ Այժմ ուրեմն դառնում եմ դեպի ձեզ, ո՛վ Գառնո զինվորք և ժողովուրդ, դառնում եմ նույն խնդիրքով ու առաջարկությամբ, որ մեր իշխանները մերժեցին․ այդ իմ վերջին պարտքն է, որ կատարում եմ․ լսեցե՛ք։ Գառնին ամուր է և անառիկ, թշնամին նրան վնասել չէ կարող, եթե միայն մատնիչները չդավաճանեն, և եթե պաշարը չսպառի։ Մատնիչներ չեմ ճանաչում այստեղ, իսկ պաշար շատ ունինք։ Թողնենք ուրեմն Գառնո մեջ միայն մի հարյուր պահակ․ Մուշեղը նրանցով կարող է շատանալ։ Իսկ մնացյալ զինվորներին, պետերին ու առաջնորդներին առաջարկում եմ հենց վաղվանից ընկերանալ ինձ և դաշտն իջնել։ Ես ձեզ բոլորիդ խմբերի կբաժանեմ, առաջնորդներ կկարգեմ, հրահանգներ կտամ։ Բեշիրը հրոսակների խմբեր է պատրաստում արքայական, գավառներն ավարելու համար, մենք դրանց կհանդիպենք և զատ-զատ կջարդենք։ Չի անցնիլ մի ամիս, և մեր բանակը կստվարանա։ Առաջին հաղթանակին կհաջորդե երկրորդը, երրորդը և հազարավոր զինվորներ ինքնակամ հոժարությամբ կգան, կժողովվին մեր դրոշակի տակ․․․ Այնուհետև մեր հաջողությունը հույս կներշնչե նաև թագավորին, նա նորեն դեպի յուր գահը կդառնա, նորեն յուր զորքի գլուխ կանցնի, և իշխանները իրանք կմիանան նրան․․․ Այս փառքը, օ՛ գառնեցիք, մենք կարո՛ղ ենք ժառանգել․ օ՛ն ուրեմն, դեպի գործ․․․

Իշխանը լռեց և աչքերը հածեց այս ու այն կողմը, տեսնելու համար, թե ո՞վ է արձագանք տալիս իրան։

Բայց բոլորը միանման անխոս էին և անշարժ։ Երկու հոգի միայն իրանց հրացայտ աչքերը հառել էին իշխանի վրա և շրջապատի լռությունից գրգռված՝ բոլորի փոխարեն, կարծես, կամենում էին թռչել դեպի նրան։ Դրանցից մինը Գոռն էր, որ կանգնած էր զինվորականների հետ, և մյուսը՝ Շահանդուխտը, որ գտնվում էր իշխանուհիների խմբում։

Բայց Գևորգ իշխանը դրանց չէր որոնում, նա հինավուրց զինվորների և նրանց առաջնորդների ձայնին էր սպասում։ Սակայն երբ տեսավ, որ նրանք լուռ են և շատերը, մինչև անգամ, աշխատում են իրանց հայացքը նրանից թաքցնել մեղմ ձայնով շարունակեց․

— Չէի սպասում, թե այստեղ, Գառնիումն էլ այսքան շատ երկչոտների կհանդիպեմ։ Ուրեմն չկան ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցանեին, թե քաջերի զավակ են իրանք։

— Տե՛ր իշխան ի՞նչ կարող է անել հարյուրը։ Թո՛ղ հազար զինվոր ունեցողը գոնե ասպարեզ իջնե, և մենք միանանք նրան, — ձայն տվավ մի երիտասարդ հարյուրապետ։

— Ո՛վ որ շատերի ուժն է պրպտում, ապացուցանում է, որ ինքը վատարանց մեկն է, — գոչեց Մարզպետունին։ — Ո՛չ մի զինվոր, եթե իրոք նա զինվոր է, չպետք է սպասե ընկերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվում։ Ո՛վ որ ուժ ունի կռվելու, ո՛վ որ կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է։ Կամենո՞ւմ եք ապրել, կամենո՞ւմ եք կյանք վայելել, բարի․ էլ ինչո՞ւ համար եք զենք կրում, ինչո՞ւ անպատվում եք սուրն ու երկաթը։ Դե՛ն ձգեցեք դրանց, առեք ձեռքներիդ մուրացիկի եղեգը և գնացեք կանգնեցեք ամիրաների դռանը, գուցե նրանք շնորհ անեն ձեզ իրանց ստրուկների թվում կարգելու․․․

Զորքերն ու պետերը մնացին ապշած, նույնիսկ իշխանազունները չէին հավատում իրանց ականջներին։ Ոչ ոք մինչև այդ չէր լսել իշխանից որևէ ծանր խոսք կամ մի վիրավորանք, ի՞նչ էր պատահել այժմ, ինչո՞ւ այդ աստիճան վրդովվել էր նա։ Չգիտեին։ Շատերն սկսան իրար նայել, մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին առաջ գալու և նրան իրանց դժգոհությունը հայտնելու։ Բայց իշխանի հրացայտ հայացքը ամեն մի շարժում յուր տեղը մեխեց։ Նա լռեց մի վայրկյան, շուրջ հածեց աչքերը և Վահրամ սեպուհին դառնալով գոչեց․

— Տե՛ր սեպուհ, երեկ ասում էիր ինձ, թե «մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ», քո խոսքը կրկնում են այժմ այս աբեղացուները, որոնք սխալմունքով զինվորական են դարձել։ Այժմ ես կամենում եմ ապացուցանել, որ դուք ամենքդ էլ սխալվում եք։

Այս ասելով իշխանը սուրը հանեց և մի քայլ առաջ անցնելով որոտաձայն գոչեց։

— Ահա՛ ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ․ ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա։

 

Շարունակելի...

Մուրացան

«Գևորգ Մարզպետունի»

Մաս Ե, «Հերոսի որոշումը» (Հատված) 

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Հոկտեմբեր / 2020 : 00-23
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 57609անգամ
Վերջին լուրեր