04 / Նոյեմբեր / 2020 : 12-47

«Զորամասում բոլորը հարգում և սիրում էին նրան». Ռազմական բժիշկ Գարիկ  Մանուկյանի մասին

Yelaket.am-ի (Ելակետ լրատվական)-ի Մեդիֆիլդ բաժնի զրուցակիցն է ռազմական բժիշկ  Գարիկ  Մանուկյանի կինը՝ Գոհար Հախվերդյանը

Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալով՝ Արցախի Հանրապետությունում, իր մասնագիտական պարտքը կատարելիս, թշնամու դավադիր կրակից զոհվեց նաև  ռազմական բժիշկ  Գարիկ  Մանուկյանը։

Հերոս բժիշկը ծնունդով Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր:  

«Ռուսական դպրոցը ոսկե մեդալով էր ավարտել, առանց պարապելու ընդունվել էր Հերացու անվան  Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Համալսարանում էլ՝ միշտ բարձր գնահատականներ էր ստանում»:

 Ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանի կինը՝ Գոհար Հախվերդյանը,  հիշում է նաև, որ  ավարտական քննություն հանձնելիս երկու կուրսի տղաներից ամենալավն ինքն էր պատասխանել:

Կնոջ խոսքերով՝ երկուսն էլ բժշկականում են սովորել, 3-րդ կուրսից արդեն  միասին են  եղել, ամուսնացել են 2018-ին, իսկ առաջնեկի ծնվելուց հետո   բնակվել են  Ջաբրաիլում:

«Զորամասում բոլորը հարգում և սիրում էին նրան: Զինվորներն անհամբեր սպասում էին նրա հերթափոխի օրվան, որ նրան ներկայացնեին իրենց հուզող խնդիրները: Շատ բանիմաց էր ու իր գործի գիտակ, նույնիսկ հրամանատարն էր իրեն կանչում, որ նշանակումներ անի»,- շարունակում է միտքը հերոսի կինը:

Ինչպես զորամասում, այնպես էլ ընտանեկան հարաբերություններում բժշկի ունեցած նվիրվածությունն անեզր էր.

«Եթե բառերով ասեմ՝ երևի թե  կաղավաղեմ այն՝ ինչը կուզենայի ներկայացնել: Ուղղակի ցանկացած կին պետք է  զգա այդ վերաբերմունքը, բառերով նկարագրելու չի նրա նվիրվածությունն ու սերը մեր ընտանիքի հանդեպ»:

Սրտացավ ու կամեցող բժիշկը մինչև վերջ պայքարել է վիրավոր զինվորներին փրկելու  համար.

«Վիրավոր ծառայակից ընկերոջը փրկելու համար 4 տարբեր մեքենաներ են վնասվել, սակայն հասցրել են փրկվել և հետո նոր  տեղափոխվել  են հոսպիտալ»:

Գոհարը ամուսնու սխրագործություններից միայն այս մեկը պատմեց՝ ասելով, որ սխրանքները շատ-շատ են, բայց դրանց ավելի լավ տիրապետում է տեգրը, ով նույնպես ռազմական բժիշկ է: Սակայն, Medifield –ին  չհաջողվեց կապ հաստատել Գարիկի եղբոր հետ, քանի որ նա հարցազրույցի ընթացքում և հետո էլ Արցախում էր. առաջնագծում կատարում էր իր մասնագիտական պարտքը:

Ամուսնու սխրանքների մասին շատ վիրավոր զինվորներ են պատմել.

«Շատերն էին եկել թաղմանը, և բոլորն էլ ասում էին՝ ինքը չլիներ, ապա հիմա մենք չէինք լինի»:

-Հպարտ եմ, որ իր նման անձնազոհ հերոսի կինն եմ, հպարտ եմ, որ իր տեսակն է ճակատագիր կերտում,-անկեղծանում է հերոսի կինը:

Աննա Ավետյան

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Նոյեմբեր / 2020 : 12-47
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 249261անգամ
Վերջին լուրեր