07 / Նոյեմբեր / 2020 : 15-52

Չի կարելի լինել անզուսպ. խոսում եք երկրի վարչապետի կնոջ կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին

Նախօրեին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հաոբյանը գրառում էր արել, որ կանանց ջոկատն պատրաստ է մեկնելու առաջնագիծ, իսկ ջոկատը կոչել են հայոց թագուհի Էրատոյի անունով: Գրառմանն արձագանքել էր «Հայ Ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին օրերս հերոսաբար զոհվել է Արցախում։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է թեմայի վերաբերյալ համացանցում շրջանառվող քննադատություններին, որոնք մի մասն ուղղված է Աննա Հակոբյանին, մյուս մասը՝ Կարին Տոնոյանին:

Գրառումը՝ ստորև.

«Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր»,-գրել էր նա:

«Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ և որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ -որ բան անել և, քանի որ հանրային դեմք է վերջին տարիներին միշտ կամ քննադատվում է կամ գովաբանվում:

Ինչո՞ւ նախաբան գրեցի, քանի որ գիտե՛մ, կարդալուց հետո պետք է ասոցացնեք երեկ և այսօր համացանցում տեղ գտած երկու գրառումների հետ, բայց ես կխոսեմ այդ գրառումներից առաջացած հետևանքների մասին:

Հարգելի՛ հայեր, որքան էլ սիրեք մի հայ կնոջ և չսիրեք մյուս հայ կնոջը, չի կարելի լինել այսքան անզուսպ մեկնաբանություններում, քանի որ դուք խոսում եք երկրի վարչապետի կնոջ մասին կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին, երկրորդ՝ իրենց կամքն է գնա՞լ առաջնագիծ, թե՞՝ ո՛չ, և վերջապես, այո՛, պատրաստվում են շատերը գնալ, քանի որ կա աղջիկների մեկ այլ ջոկատ ևս և կամավորագրված 1000-ից ավել կանայք և աղջիկներ, որոնք, ի դեպ, կամավորագրվել են շատ ավելի վաղ, քան այսքան աղմուկ հանած «Էրատո» ջոկատն էր:

Հաջորդը՝ սիրուն չէ, երբ մի երևույթը համարում ենք սխալ և ոչնչացնում ենք ամեն ինչ, այո՛, «Էրատո» անունը, մանավանդ, եթե հայ թագուհու անունն է ընտրված, ապա այնքան էլ հարմար և օրինակելի կերպար չէ, բայց, անունը չհավանելով, չի նշանակում, որ հայ կինը ոչինչ չունի սահմանում անելու ու թող մնա տանը սպասի ամուսնուն: Ո՛չ , համաձայն չեմ, թե՛ հայ կինը, թե՛ հայ տղամարդը պետք է այսօր լինեն այնտեղ, որտեղ ամենաշատը կարիքը կա և եթե պետք է, ապա նաև սահմանին:

Հետո, հայ կնոջը ավելի սազական է սահման գնալը, թե՞ համացանցում տարբեր նյութերի տակ հայհոյանքախառը մեկնաբանություներ թողնելը: Ես ընտրում եմ սահման գնալը և կսատարեմ որքան պետք է:

Եվ վերջապե՛ս, հարգելի՛ հայ տղամարդիկ, էդ որ ի՜նչ ասես գրում եք սահման գնացող հայ կանանց մասին, բա դուք չեք ամաչո՞ւմ և չեք գիտակցում, որ դուք պետք է լինեիք այսօր սահմանին շատ հայ կանանց տղաների, ամուսինների, եղբայրների ու հայրերի կողքին: Թե՞ համացանցում «արծիվ» եք խաղում, բայց մի ճնճղուկի ոգի էլ չունեք:

Շարքը կարող եմ երկարացնել, բայց չե՛մ անի: Խնդրում եմ, վե՛րջ տվեք այս քննարկումներին, քանի որ առհասարակ այս թեման երկու կողմերով էլ խոցելի է դարձնում հայ կնոջը: Այս հարցին ավելի ուշ ավելի երկար կանդրադառնամ, բայց հիմա խնդրանքս է, մի գտեք թեմաներ եւ ամբողջ օրը պառակտվեք:

Բաներ կան, որ պետք է կարդալ և լուռ խորհել, սա այդ դեպքերից է և երկու կանայք էլ իրենց տեսանկյունից ճիշտ են, բայց մեկնաբանությունները, մեղմ ասած, քայքայիչ:

Երեկ ամբողջ համացանցը խոնարհումն էր հայտնում մի քանի օր առաջ իր մեկամյա երեխայի մոտ մի քանի օրով վերադարձած հետախույզ կնոջ տեսանյութի տակ, այսօր բոլորը կոչ են անում մնալ տանը: Ամեն մեկս մի բան պետք է անենք , բայց ոչ պառակտվենք, երկար մտածեք:

Հաճախ պետք է հիշեցնեմ այս տողերը.

«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհ»:

Դիտվել է 582551անգամ
Վերջին լուրեր