23 / Հունվար / 2020 : 12-54

«Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո նմանությամբ կարող ես գտնել». Անահիտ Նազարյանը որոնում է իր քույրիկին 

Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ նույն ծննդատանը իր մայրիկի հետ կատարված եղելության մասին (ցավոք ողջ չէ):

Նա ամբողջ կյանքում պնդել էր, որ իր երեխան չի մահացել և ապրել էր՝ սրտի մի անկյունում պահելով այն փափագը, որ մի օր կգտնի նրան:  

Անահիտ Նազարյանի փոխանցմամբ, 1984 թվականի հոկտեմբերի 9-ին իր մայրը Հանրապետական ծննդատանը զույգ երեխա է ունեցել՝ աղջիկ և տղա: 

«13 օր անց բժիշկը մայրիկիս ասում է, որ աղջիկը մահացել է /քանի որ ծննդաբերությունը կեսարյան հատումով էր՝ այդ պատճառով հիվանդանոցում երկար են մնացել/: Երբ այդ մասին իմանում է նախորդ հերթապահության բուժքույրը, շատ է զարմանում, ում արձագանքը հետևյալն էր՝ ինչու՞ պետք է մահանար, երեխան նորմալ վիճակում ես թողել հեռացել եմ»,- մտաբերում է Անահիտը մայրիկի շարադրածը:

Ըստ նրա, հիվանդանոց եկած հորն ու պապիկին երեխայի դին չեն տալիս՝ պատճառաբանելով, որ ուղարկել են անատոմիկ՝ մահվան պատճառները պարզելու համար:

Անահիտի փոխանցմամբ, հայրը աղմուկ է բարձրացնում, սակայն անարդյունք: Նրա կարծիքով, նախապես պլանավորած գործողություններ էին, հիմքում այն հնարավորությունը, որ գյուղի մարդիկ են, իսկ երեխաներն էլ՝ երկուսը: 

«Մայրս մինչև վերջերս էլ պնդում էր, որ իր երեխան չի մահացել, քանի որ երեխայի աճյունը չեն տեսել ու միշտ հիշել բուժքրոջ խոսքերը: Վերջին դեպքերի բացահայտումները մեր կասկածները լիովին փարատեցին, որ մորս զգացողություններն ու պնդումները իրականություն էին»,-անկեղծանում է մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ իրենք իրենց հույսը չեն կորցրել և հավատում են, որ կգտնեն տարիներ առաջ ծնված, բայց իրենցից հեռու ապրած երեխային:

«Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, անգամ հիմա քո նմանությամբ կարող ես գտնել»,-հիշում է Անահիտը՝ պնդելով, որ իրենք ևս հանդիսանում են Ռազմիկ Աբրահամյանի գործողությունների զոհը, միևնույն ժամանակ նշելով, որ գիտակցում է, որ հեշտ չի լինելու, քանի որ նման երեխաների թվաքանակը մեծ է, ուստի, դրանով պայմանավորված, գործը բարդանում է: 

Հիշեցնենք՝ Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, քանի որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք): 

Նյութը պատրաստեց՝ Ա. Ավետյանը 

Դիտվել է 208869անգամ
Վերջին լուրեր