Հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին. Արոնյան
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Speed Chess Championship-ում տոնած հաղթանակ նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
«Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արոնյանը:
Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց ընդհանուր 14:11 հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսի Վաշիե-Լագրավի հետ: