12 / Նոյեմբեր / 2020 : 14-08

Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն անմահացավ՝ մինչև վերջ հավատարիմ մնալով Հիպոկրատի և զինվորականի երդմանը

Մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած բժիշկ-զինվորական Սաշա Ռուստամյանը միշտ հիացմունքով էր խոսում ժամկետային զինծառայողների մասին՝ նշելով, որ նրանք իրական արծիվներ են։ Այս մասին Yelaket.am-ի (Ելակետ լրատվական)  Medifield բաժնի հետ զրույցում հայտնեց հերոս բժիշկ Սաշա Ռուստամյանի եղբայրը՝ Գուրգեն Ռուստամյանը:

«Շատ խղճով էր, ոչ մեկի խնդրանքը չէր մերժում, միշտ օգնում էր մյուսներին՝ հաճախ զոհաբերելով իրեն»,- ահա այսպես է բնութագրում մեր քաջ ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանին իր  եղբայրը՝ Գուրգեն Ռուստամյանը:

Medifield-ի ունեցած տեղեկություններով՝ բժիշկ-զինվորականը, երբ վիրավոր զինվորներին առաջնագծից տեղափոխելիս է եղել,  ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով: Սաշա Ռուստամյանը շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով՝ հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ:

Ըստ Գուրգեն Ռուստամյանի՝ Սաշան շատ համեստ և քչախոս էր։ Երբեք տաք գլխով որոշումներ չէր կայացնում, միշտ փորձում էր թաքցնել իր էմոցիաները:

Խելացի և բանիմաց երիտասարդ բժիշկը իր բացառիկ ունակություններով աչքի է ընկել դեռևս դպրոցական տարիներից.

«Դպրոցում 7  տարբեր առարկաներից օլիմպիադայի էր գնում, չկար մի ոլորտ, որից գիտելիքներ չունենար»:

Բոլորին օգնության շտապող բժշկի ամենամարդասիրական մասնագիտությունը ընտրելու որոշումը պատահական չէր. ցանկացած կենդանի էակի նկատմամբ բարեգթությունն ու հոգատարությունը նրա արյան մեջ էին.

«Սիրում էր կենդանիներին, անգամ տանից կերակուր էր տանում փողոցի շներին ու կատուներին,- անկեղծանում է Գուրգենը՝ շարունակելով պատմել եղբոր նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին: Հիպոկրատի և զինվորականի իր երդմանը հավատարիմ մնացած բժիշկը ֆուտբոլի մեծ սիրահար էր նաև, նրան հաճախ կարելի էր տեսնել  Բժշկական համալսարանի ֆուտբոլային թիմի կազմում:

Իր ապրած 26 տարիների ընթացքում գրեթե կոնֆլիկտներ չի ունեցել, կարողանում էր լեզու գտնել բոլորի հետ՝ հավելում է մեր զրուցակիցը։

Կոչմանը մինչև վերջ հավատարիմ մնացած բժշկի հայրենասիրությունը անեզր էր. ուրախանում էր Հայաստանի ամենափոքր հաջողություններով.

«Այս տարվա մայիսին նա պրակտիկայի շրջանակում գտնվում էր Երևանի զորամասերից մեկում։ Ամեն օր տուն վերադառնալուց հետո մեզ ցույց էր տալիս, թե մեր օրերում ինչպես են սնվում զինվորները»,- հիշում է եղբայրը՝ հավելելով, որ նրա միակ երազանքը, որի մասին նա բարձրաձայնում էր՝  ուժեղ, զարգացած և խաղաղ Հայաստանն էր.

«Եղբայրս իր ողջ կյանքը ապրել է զինվորական և ազգային արժեքներով։ Նա զոհվել է իր գաղափարների համար՝ մինչև վերջ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը»։

Աննա Ավետյան

 

Author's cover photo
Ամսաթիվ 12 / Նոյեմբեր / 2020 : 14-08
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 36005անգամ
Վերջին լուրեր