24 / Նոյեմբեր / 2020 : 18-05

Մենք միասին գնացինք երազանքի հետևից, բայց դու ու տղերքը մնացիք երազանքի մեջ, իսկ մենք վերադարձանք, վերադարձանք դժոխք․․․

«Նամակ դեպի անդին»վերտառությամբ  գրառում է արել  Արցախյան պատերազմի մասնակից Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում,  մտովի զրուցելով  Արցախի հերոս, արցախյան ռազմաճակատում զոհված Մենուա Հովհաննիսյանի և մեր  հերոսաբար զոհված տղաների հետ․

«Ողջույն ընկերս, 50 օր առաջ միասին քայլում էինք մառախլապատ անտառների միջով, բարձրանում էինք մեր երազանքի հետևից, գիտակցելով, հստակ գիտակցելով, որ գուցե ետդարձի ճամփա չլինի։ Մենք միասին գնացինք երազանքի հետևից, բայց դու ու տղերքը մնացիք երազանքի մեջ, իսկ մենք վերադարձանք, վերադարձանք դժոխք։

Քեզնից հետո մեկ ամիս քայլեցինք դժոխքի ու երազանքի սահմանագծով, բայց բնության օրենքները խստորեն պահեցին իրենց պահանջները։

Այո՛, մենք թերի էինք պատրաստվել պատերազմին։ Հիշու՞մ ես, գիշերները ժամերով քննարկումներ էինք ունենում, խոսում ու վերլուծում էինք պատերազմին պատրաստվելու ճիշտ ձևերի ու մեր պետության անգործության մասին։ Ցավոք չհասցրեցինք իրականացնել մեր նպատակները ու պատերազմն ընդունեցինք մեր մերկ գաղափարներով միայն։

Մենք վերադարձանք այս դժոխքը՝ փլատակված կիսանկախ մի երկիր, որտեղ դեռ իրականությունը խառնված է հեքիաթին ու մղձավանջին։

Չգիտեմ էլ, որն էր ավելի ճիշտ, այս վերադարձը, թե քեզ հետ մնալը երազանքի մեջ։ Բայց ճակատագիրը քեզ պահեց այնտեղ իսկ ինձ թողեց կիսամեռ վիճակում, այս կիսամեռ երկրի մեջ։

-Հիմա պետք է սկսել նորից․

Սա պիտի ասեիր դու, եթե այստեղ լինեիր։ Հիմա մեր սրտի ու մաշկի վերքերը լիզելով պիտի անենք այն, ինչ դու կանեիր, չգիտեմ թե ուր կհասնենք, որտեղ կընդհատվի մեր նոր ճախրանքը, բայց գոնե գիտեմ, թե որ ուղղությամբ պիտի գնանք, երևի գիտեմ․․․

Ախր դու չգիտես, թե որքան ցավ կա այստեղ, որքան կիսատություն ու կսկիծ։ Դու մնացիր Բարձունքում, իսկ մենք դեռ պիտի բարձրանանք․․․»

 

Դիտվել է 119280անգամ
Վերջին լուրեր