Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2020 : 14-20

Ո՞վ է հող հանձնել, տարածքները կորսվել են կռվի դաշտում. Լենա Նազարյան (տեսանյութ)

Դավաճանության բարոյական տիրույթում մեղադրանքները սուբյեկտիվ են։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, որ իրենց այսօր դավաճան են համարում։

«Դավաճանության բարոյական տիրույթում մեղադրանքները սուբյեկտիվ են։

Իրավական մակարդակում դավաճան է այն անձը, որն անցել է թշնամու կողմը, լրտեսել է պետության դեմ, պետական գաղտնիք է հայտնել օտար պետությանը։ Այդ գործողություններից ո՞րն է արել կառավարությունը կամ վարչապետը»,– ասաց Լենա Նազարյանը։

Իսկ հող հանձնե՞լը՝ հարցին, Նազարյանը պատասխանեց. «Ո՞վ է հող հանձնել։ Տարածքները կորսվել են կռվի դաշտում։ Պատերազմ է եղել»։

Անդրադառնալով ժամանակին պատերազմը չկանխելու մեղադրանքին՝ Լենա Նազարյանն ասաց. «Երբ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ստեփանակերտ, ասաց, որ մեր խնդիրն Արցախի և Հայաստանի անվտանգությունն ավելացնելն է: Նրան այդ պահին հայտնի էր, որ կա երկու ընտրություն՝ համաձայնում ենք այդ պայմաններին, կամ պատերազմ: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ արդար և շահեկան չի համարել մեր ժողովրդի համար այդ պայմաններին համաձայնելը։

Սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետը եկավ ԱԺ, ասաց, որ կարող ենք կանգնեցնել պատերազմը 7 շրջանների եւ փախստականների վերադարձի պայմանով, ոչ մի խոսք կարգավիճակի մասին։ Այդ ժամանակ քաղաքական ոչ մի ուժ չհամաձայնեց այդ սցենարին, ոչ մի հանրային պահանջ չեղավ կանգնեցնելու մասին, ոչ մեկը դուրս չեկավ փողոց՝ ասելու, որ կանգնեցրեք։

Հանրային ընկալումները եւ մեր պատկերացումները, այնպիսին էին, որ արդար չէ հանձնվել առանց պայքարի»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանությունը կարող էր 44 օրվա մեջ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, որի դեպքում Շուշին չէր հանձնվի, և զոհերը քիչ կլինեին, Լենա Նազարյանն արձագանքեc. «Հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում հնարավոր է եղել»: Հարցին, թե այսինքն՝ մինչև այդ հնարավոր չէ՞ր, Լենա Նազարյանն արձագանքեց. «Ոչ, ես կարծում եմ, հնարավոր չէր»:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 24408անգամ
Վերջին լուրեր