Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2020 : 12-17

Արցախցիներին հյուրընկալելու համար ՀՀ քաղաքացիներին կտրվի 30 հազար դրամ, Արցախի քաղաքացիներին՝ 45 հազար դրամ․ կառավարություն

Հայաստանի կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսորոպ Առաքելյանը, ներկայացնելով նախագիծը կառավարության նիստում, նշեց, որ աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին,  որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։ 

«Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է¸ որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման»,- ասաց Առաքելյանը։

Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Դիմումին պետք է կցվի նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվեու է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում` սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվելու է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

Նախագծի նպատակն է՝ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների չափահաս բնակիչներին հյուրընկալող անձանց ֆինանսական վիճակի բարելավում:

Դիտվել է 22570անգամ
Վերջին լուրեր