08 / Դեկտեմբեր / 2020 : 12-37

Հայկ Մարությանը տեղեկացնում է, թե որ գույնի աղբամանն ինչի համար է. (լուսանկարներ)

Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները.

Աջափնյակը եւ Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Դրանք հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը եւ թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում:

Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարեւորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:

Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ

Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց եւ ծալելուց հետո:

Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ եւ այլն:

Փոքր մոխրագույն/սեւ թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը եւ այլ սպասք, այլեւ օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, եւ այլն:

Մեր մասնագետները եւ վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

 

Դիտվել է 27085անգամ
Վերջին լուրեր