Ապատեղեկատվության հոսքերի մեծ մասը կառավարվում է արտերկրից. Նիկոլ Փաշինյան
Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ: Դրանց մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեկ օրինակ բերեմ, առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ:
Իհարկե, Հայաստանի, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց դա պետք է կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչը մենք անում ենք»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ շատ հաճախ թշնամական եւ հայաստանյան որոշ ուժերի կողմից տարվող քարոզչության դրույթները նույնական են, ինչը նկատելի է երկար ամիսներ։
Փաշինյանի խոսքով՝ այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: