Ուրվագծել նոր ապագան` հիմնվելով անցյալի ձերքբերումների վրա #նորապագա

Շարունակելով ներկայացնել տարբեր բնագավառներում հայտնի ազգությամբ հայ հերոսների, այս անգամ կցանկանայինք պատմել հայազգի մեծ գիտնական,
ականավոր ֆիզիկոս Պարիս Հերունու մասին:
Պարիս Հերունին (դեկտեմբերի 17, 1933), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ է, ով գործունեություն է ծավալել ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների,
ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, եղել է տեխնիկական գիտությունների
թեկնածու, դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական
գործունեություն։
Ուշադրության է արժանի Պարիս Հերունու ծավալուն ուսումնասիրությունները Հայոց հնագույն պատմությունը պարզելու և այն հիմնավոր ներկայացնելու համար։
Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփվել են նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում: Հնագիտական աստղագիտության, լեզվաբանության և աշխարհի հնագույն պատմության փաստերի համադրման միջոցով Հերունին նորովի ներկայացնում է Հայոց հնագույն պատմությունը։
Գիրքը մեծ արձագանք է գտել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ շարքային ընթերցողների մոտ։ Գրքում շարադրված գաղափարների, մոտեցումների, հետևությունների և արդյունքների մասին մասնագիտական դեմ և կողմ բուռն քննարկումները չեն դադարում առ այսօր։
Քարահունջ
Առանձնացնենք նաև Պարիս Հերունու հետազոտությունները Քարահունջում: Նրա
ղեկավարած արշավախմբերը 1994–ից 1997, 1999 և 2001 թթ. մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի ժամանակ կազմվել է կառույցի տոպոգրաֆիկ քարտեզը, չափվել է նրա
աշխարհագրական լայնությունն ու երկարությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես և կատարվել են հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունների չափումները 360° ազիմուտների համար։
Չափվել են քարերի անցքերում եղած բոլոր անցքերի ուղղվածության ազիմուտները և տեղի անկյունները և այլ կարևոր բնութագրեր։ Կազմվել է 223 քարերի
լիակատար կատալոգը նրանց չափերի ու վիճակի նկարագրությամբ, և բոլոր այդ քարերը համարակալվել են։ Հայտնաբերվել են բազմաթիվ նախնադարյան
աստղագիտական քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը:
Գիտական հայտնագործություններ
Պարիս Հերունին հայտնի է բազմաթիվ գիտական հայտնագործություններով։
Արագածի գիտական կենտրոնում գտնվող ռադիոօպտիկական աստղադիտակն արձանագրված է որպես գիտական հայտնագործություն։ Գիտական լուրջ հայտնագործություններով է հայտնի նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը , միջազգային 7 արտոնագրերով է պաշտպանված «Արև» նախագիծը։
Գիտնականները նրան համարել են «հզոր հրասայլ» որը կարողանում էր անշեղորեն հասնել մեծ նպատակի։ 1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով,
միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ
արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։
Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային
ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։ Հերունին նաև արևային ափսեի գյուտի հեղինակ է, որը կենտրոնացնում է արևի շողերը
նույն կետում եւ ապահովում մինչեւ 700 աստիճան տաքություն, ինչի շնորհիվ րոպեների ընթացքում եփվում են էկոլոգիապես մաքուր ուտեստներ:
Գիտության ասպարեզում իր ունեցած մեծ ավանդի համար Պարիս Հերունին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Աշխատանքի վետերանի և Սանկտ Պետերբուրգի Գիտնականի աստղի շքանշաններով, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության բրոնզե, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Լոմոնոսովի անվան ոսկե, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Վազգեն Ա-ի արծաթե, ՀՀ
ԳԱԱ ոսկե, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե, ՀՀ Պետական Ճարտարագիտական համալսարանի ոսկե և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի ոսկե մեդալներով, գիտության ոլորտում Հայաստանի և ԽՍՀՄ
պետական մրցանակներով։ Առանձացնենք նաև Հերունու պատվավոր կոչումները, ով արժանացել է Տեղեր գյուղի պատվավոր բնակիչ, ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ, Գիտության վաստակավոր գործիչ կոչումների:
Պարիս Հերունին գիտական աշխատանքից բացի զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ Հատկապես ճանաչված է նրա հեղինակած «Վահագնի ծնունդը» նկարը։ Նկարների հավաքածուի մեծ մասը պահպանվում է Բյուրականի
աստղադիտարանի տարածքում գտնվող թանգարանի վերածված նրա աշխատասենյակում։
Հայ ազգը, հիրավի, ծնել է այնպիսի կարկառուն գործիչներ, որոնց աշխատանքները տարբեր բնագավառներում գրավել են մեծ բարձունքներ և ստացել են միջազգային ճանաչում:
Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով
արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց
կյանքը։