Ադրբեջանում գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը գերիների փոխանակման ցուցակում կար

Ադրբեջանում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել չի վերադարձվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա կինը`Հերմինե Առաքելյանը:
«Ես ասելու ոչինչ չունեմ, ոչինչ չգիտենք: Նարեկը չի վերադարձվել, նրա հետ ոչ մի կապ չի եղել, սպասում ենք իր վերադարձին, տեսնենք ինչպես կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում, կամ ուզում է երրորդ երկիր գնալ:
Նշենք, որ երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ: Գերիների ցուցակում ներառված էր նաև Նարեկ Սարդարյանի անունը, սակայն նա չի վերադարձվել: