Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2020 : 17-31

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը գերեվարել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացի, մոտ 10-ը՝ դեկտեմբերին. նրանց դեպքում ևս պետք է գործի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը. Սիրանուշ Սահակյան

Պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից՝ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարվել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացի: Այժմ ուսումնասիրում ենք դեկտեմբերին եղած մի միջադեպ, որում հնարավոր ներգրավված անձանց շրջանակը հասնում է 10-ի, բայց ունենք նոր տեղեկություն, և այստեղ կարող է նույնիսկ ավելի մեծ թիվ լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Հարցին՝ քանի որ կողմերը հայտարարել էին, որ պատրաստ են  գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, բայց հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ հանցագործներին, այդ դեպքում ինչ պետք է լինի, Սահակյանն արձագանքեց, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի:

«Այստեղ 2020-ի պատերազմի հետևանքների վերացման խնդիրն է, հումանիտար հարցերն առաջ են եկել պատերազմի հետևանքով: Քանի դեռ ձեռք բերված պայմանավորվածությունները փաստացիորեն չեն պահվում և նոր հումանիտար խնդիրներ են առաջ բերում, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է կիրառելի լինի: Մենք տեսանք, որ հայտարարությունից հետո տեղի ունեցավ քաղաքացիական անձանց գերեվարում, բայց այդ անձինք ներառված էին փոխանակվող անձանց շրջանակում»,-ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց՝ գոյություն ունի հարաբերությունների վստահության հարց: «Եթե արվել է հայտարարություն, որով Հայաստանը իրենից պահանջվելիք բոլոր քայլերն իրականացրել է, ի՞նչ երաշխիքներ կան, որ մենք բացառենք մյուս կողմի խախտումները Հայաստանի և հայերի նկատմամբ: Մենք տեսնում ենք, որ միջադեպեր են տեղի ունենում, լինում են վիրավորներ, նոր գերեվարվածներ, ինչը նշանակում է, որ առայժմ խաղաղություն հաստատված չէ»,-ասաց նա՝ կարևորելով լծակների պահպանումը:

«Եթե լծակներից զրկում ենք, ապա բանակցություններում ձեռք բերվածը խախտելը չափազանց հեշտ և իրագործելի է, և որևէ երաշխիք չկա բարեխղճության տեսանկյունից: Մենք հայ-ադրբեջանական հարաբերություններում չենք տեսել պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, ուստի իմ մոտեցումն այն է, որ պետք է ձեռք բերել լծակներ, որոնցով կպարտադրես քո կամքը և բանակցություններում կունենաս քաղաքական կապիտալ: Եթե այս ռեսուրսը ստեղծված չէ, որևէ երաշխիք մենք չունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե գերեվարված քաղաքացիների վերադարձից հետո նրանց լուսանկարների տարածումը, լուսաբանումը ինչ խնդիրներ կարող է առաջացնել, եթե անգամ իրենք տալիս են համաձայնություն, Սահակյանը պատասխանեց, որ եթե վերադարձված անձինք խնդիրներ չեն տեսնում, և իրենց համաձայնությամբ տարածվում են լուսանկարներ, ապա, մեծ հաշվով, իրավական խնդիր չկա:

«Իհարկե, հանրային ուշադրության տակ պահելը նախընտրելի չէ, որովհետև կարող է միջամտել իրենց մասնավոր անձնական կյանքի իրավունքին, բայց անձնական նախընտրությունների խնդիր կա: Եթե գերեվարված անձինք կաշկանդված չեն, և խնդրի հանրայնացումն իրենց չի վնասում, իրենց համաձայնությունը կա, ապա իրավական խնդիր չկա»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:


Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ են տեղափոխվել ընդհանուր 44 հայ գերիներ՝ 30 զինծառայող և 14 քաղաքացիական անձ:

Դիտվել է 11748անգամ
Վերջին լուրեր