Արցախցիներին հյուրընկալած քաղաքացիները կստանան դրամական աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստաննում կամ Արցախում գտնվող չափահաս քաղաքացիների: Լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության հետևանքով հյուրընկալող քաղաքացիներն ունեն ֆինանսական խնդիրներ, որի նպատակով անհրաժեշտ է վերջիններիս տրամադրել համապատասխան սոցիալական աջակցություն:
Այդ նպատակով առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն:
Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ: