Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարված 62 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, նաև գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները: Այս մասին ասուլիսում հայտնեց Սոֆիա Հովսեփյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախ այցից:
«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,-ասաց Հովսեփյանը:
Պատգամավորի խոսքով՝ Մուրադովը վստահեցրել է ինչպես իրենց, այնպես էլ գերեվարված անձանց ծնողներին, որ որևէ խնդիր չի սպառնում: Գերիների վերադարձի հետ կապված ժամկետներ, որպես այդպիսին, չի նշվել՝ ելնելով անվտանգությունից: Պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կտեսնենք արդեն 62 գերիներին: «Նաև կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն»,-նշեց նա:
Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ 24-ժամյա կապի մեջ են գերեվարված 62 քաղաքացիների հարազատների մեջ, փորձելու են հնարավոր ամեն բան անել, որ տեղեկատվությունը ծնողներին հասանելի լինի: «Անուններ և ճշգրտված ցուցակներ չկան, հանդիպմանն այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,-ասաց Բաղդասարյանը:
Հաջորդ գործընթացը պետք է լինի վերադարձի ժամկետների քննարկումը: «Խիստ նախնական տվյալներով՝ այս ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,-ասաց պատգամավորը: