Կապան գնալիս՝ հարց է՝ տեղ կհասնես, թե՞ չէ, այնտեղ թուրքերը այնքան լիազորություններ ունեն, ինչքան և մենք
Քննչական կոմիտեի դիմաց Քաջարանի համայնքապետին՝ Մանվել Փարամազյանին աջակցելու էր եկել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց. «Պատերազմի ընթացքում ես էլ, պրն. Փարամազյանն էլ նույն օրն ենք մեկնել Ջաբրայիլ, մոտ 250 հոգով էինք, հետո քիչ-քիչ ավելացանք: Մենք վերջին մարդն ենք եղել, ովքեր մինչև վերջին կետը կռվել են Ջաբրաիլում: Մեր ժողովուրդը թասիբով կանգնել, կռվել է պատմական հողերը մեր սյունեցիները կարողացել են պահել, բայց ստացվեց այնպես, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը , ՊՆ նախարարն էլ մինչև էսօր տեղյակ չեն, թե ո՞նց տվին էդ հողերը»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Վերջինս մտավախություն հայտնեց, որ առավոտյան էլ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը բանավոր խոսք տա՝ Գորիսն է հանձնելու, կամ Սյունիքը. «Սա է իրականությունը, բայց ամենասարսափելին այն է, որ ժողովրդի համար կարծես՝ մեկ լինի, որ հողեր ենք կորցնում: 26 կմ առաջ կանգնած մեր տղերքը պահել են էդ դիրքերը, իսկ մի օրում ինքը դա տվեց Ադրբեջանին: Ճանապարհին՝ Կապան գնալիս՝ կարելի է հանդիպել թուրքերի մեքենաների, թուրքերը այնքան լիազորություններ ունեն, ինչքան և մենք, և հարց է՝ տեղ կհասնեք, թե չէ»,- ընդգծեց Գորիսի քաղաքապետը: