«Ինքը միշտ դժգոհում էր իր հորից, որովհետև կարծում էր, որ իր հայրը իրեն վատ է պահել՝ չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում»․ Նազարյանը Փաշինյանի մասին
Նիկոլ, դու չես ամաչո՞ւմ, որ մինչև հիմա նստած ես այդ աթոռին, թե կա թեկուզ մի հոգի, ում դեռ չեն գտել, ինչի թիվ մեկ մեղավորը դու ես: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Գեղամ Նազարյանը:
Նշենք, որ Նազարյանը երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում, որպես փոխխմբագիր: Նրա որդին այս պահին անհետ կորած է:
«Դու ինչ ապագայի մասին ես խոսում: Դու տեսակով վախկոտ ես, դու էլ գիտես, այդ մասին: Դու, վախկոտ լինելով, ինչպես ես քեզ թույլ տալիս ղեկավարել սուրբ երկիր Հայաստանը: Դու 2,5 տարում ավերեցիր մեր արածը, 32 տարվա չարչարանքը»,-ասաց նա:
«Դու լավ տատ ունեիր: Մի անգամ քո տանը նստած էինք, ասաց՝ տղա ջան, Գեղամ ջան, մարդու գործն է միշտ մնում, մենք մի օր գնալու ենք, մեր արած գործն է միշտ մնալու: Նիկոլ, դու ինչո՞ւ չլսեցիր քո տատին: Դու լավ տատ ունեիր: Հայրդ ասում էր, որ վարչապետ չդառնաս: Ինքը գիտեր, թե դու ով ես: Այդ ի՞նչ ուժեր քեզ ստիպեցին գալ ու քանդել այս երկիրը: Դու ի՞նչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ Հադրութ, Շուշի, Ավետարանոց ես տվել: Նիկոլ, մարդ եղիր, մի վայրկյան կնոջդ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր: Ամոթ է:
Աննա, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, հանգիստ թող այդ տղային, թող Նիկոլը հրաժարական տա, թող գա նստի դատարանի առաջ, ոչ թե ժողովրդի: Դուք զզվացրեցիք «ժողովուրդ, ժողովուրդ» ասելով: Ինչ ժողովուրդ, ժողովուրդն անհատներն են, այն տղերքն էին, ովքեր հավատացին, որ գնում են Գետաշեն, Շահումյան ազատագրեն: Այնինչ այդ տղաներին տարաք թատերական ներկայացմամբ զոհեցիք:
Այսօր, ես իմ վիշտը թողած, եկել եմ այստեղ կանգնել , որ քեզ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր: Հերիք է պղծես Եռաբլուրը, Շուշին: Չնայես, թե քանի մարդ է այստեղ հավաքված, քանի որ ազգի 90 տոկոսը մի բան են խնդրում՝ հեռացիր: Դու հարամ անելու տաղանդ ունես, դու հարամեցիր Նոր տարվա տոնը, Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը: Ես քեզ լավ եմ ճանաչում: Դու մի անգամ ես միայն ազնիվ եղել, երբ ասացիր, որ «իզմ»-եր չունես: Նա չունի ոչ հայրենիք, ոչ ընտանիք, նրա համար կա մեկ սրբություն: Ես իրեն իրենից լավ եմ ճանաչում: Նրա համար մեկ արժեք կա՝ փող: Միայն փող է սիրում՝ դա անելով կուրորեն:
Ինքը միշտ դժգոհում էր իր հորից, որովհետև կարծում էր, որ իր հայրը իրեն վատ է պահել՝ չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում: Ինքն ատեց իր հորը, ատեց ամբողջ ազգին ու վրեժխնդիր եղավ մեզանից, որովհետև մենք այնքան միամիտ էինք, այնքան էինք կուրացել, որ ատեցինք բոլորին՝ չհասկանալով, թե ով է Նիկոլը»: