Նոր տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Գորիսի քաղաքապետ
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նշենք, որ քիչ առաջ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց։
Հարցին՝ հիմա մեկնելո՞ւ է Գորիս, Առուշանյանն ասաց. «Այո, շտապ պետք է գնանք, որովհետեւ նոր տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից՝ Որոտանից 12 տուն էլ է անցնում։ Գնանք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Այսպես որ գնաց, ապա ամեն օրվա վրա տեղեկություն ենք ստանում, որ թշնամին որոշում է՝ դա իր գյուղն է, իր տարածքն է, իր սեփականությունն է, եւ այնտեղ մարդ չկա։ Իշխանությունները երբեք էլ հետաքրքրված չեն եղել այդ գործառույթով։ Հետեւաբար սյունեցիներս պետք է գնանք, հասկանանք՝ ինչ ենք կարողանում անել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։