24 / Դեկտեմբեր / 2020 : 16-11

 Անհետ կորածների հարազատները ստիպված չեն լինի 1 տարի սպասել հատուցում ստանալու համար․ Նոր փոփոխություն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին:

«Այս փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը. հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն:

Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար և դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը նշեց, որ մյուս փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի. «Հիմա այդ ժամկետը ևս կրճատում ենք: Այսինքն եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ երեք ամիսն արդեն անցած կլինի և մեր հայրենակիցները հնարավորություն կունենա հատուցում ստանալու հիմնադրամից: Խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից: Դրանից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական կտրվածքով»:

Դիտվել է 12645անգամ
Վերջին լուրեր