Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2020 : 17-58

Բնակչության 90 տոկոսի համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա

 

Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ 3 դրամի չափով, սակայն այս փոփոխությունը կվերաբերի միայն բնակիչ սպառողների 10 տոկոսին, բիզնեսին, որոնք սպառում են ամսական 400 կվտ/ժամից ավելի էլեկտրաէներգիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախատեսվող թանկացմանն ու դրա պատճառներին անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

Անդրադառնալով բացասական գործոնային ազդեցություններին՝ Ուլիխանյանը մասնավորապես նշեց, որ փոխվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը: «2021-ի ընթացքում ատոմակայանը պետք է ավելի երկարատև կանգնի՝ շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով նորոգման աշխատանքների համար: Արդյունքում շուրջ 560 մլն կվտ/ժամ պակաս էլեկտրաէներգիա է առաքելու, քան նախատեսված էր գործող սակագնի հաշվարկում: Այդ 560 մլն կվ/ժամը փոխարինվելու է ՋԷԿ-երի արտադրանքով»,-ասաց նա:

Նաև կանխատեսվում էր, որ Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորություն կլինի, սակայն պատերազմական գործողություններից հետո դա հնարավոր չէ: «Գերակշիռ մասը, ինչքան գիտեմ, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Արդյունքում էլեկտրաէներգիան՝ թե ատոմակայանի պակաս առաքած, թե այն, որը հնարավոր էր ներկրել Արցախից, փոխարինվում են ՋԷԿ-երով, որոնք ավելի թանկ են: Եվ դա ընդհանուր համակարգի վրա բերում է բացասական ազդեցություն, խոսքը 16.5 մլրդ դրամի մասին է, ինչն էլ վերջնական սպառողի սակագնի վրա 3.4 դրամ է արժենում»,-ասաց վարչության պետը:

Իրենց ազդեցությունն են թողել նաև մի շարք այլ գործոններ: Օրինակ, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը թողնում է մոտ 4.6 մլրդ դրամի ազդեցություն: Վերջին տարում համակարգում իրականացվել են ներդրումներ, որոնք ևս պետք է փոխհատուցվեն սակագներով: Ավելանալու են նաև ծրագրերի իրականացման համար կառավարության երաշխիքով ներգրավված արտոնյալ վարկի մայր գումարների մարման, սպասարկման ծախսերը՝ ըստ վարկային պայմանագրերի: Ուլիխանյանը հիշեցրեց նաև տարվա ընթացքում իրականացված գազի սակագնի փոփոխություն մասին, որը ևս իր ազդեցությունն ունի: Նրա խոսքով՝ բացի այդ, վերջին 12 ամսվա ընթացքում արտադրության կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝  լրացուցիչ վնաս է առաջացել համակարգում, որի փոխհատուցումը ևս պետք է իրականացվի:

Հրապարակումն ամբողջությամբ այստեղ

Դիտվել է 21960անգամ
Վերջին լուրեր