Սյունիքի մարզպետը հրապարակել է տվյալներ պատերազմում զոհված, անհայտ կորած սյունեցիների վերաբերյալ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է տվյալներ արցախյան վերջին պատերազմում զոհված, ինչպես նաև անհայտ կորած սյունեցիների վերաբերյալ: Համաձայն տվյալների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է, անհայտ կորածներինը՝ 42:
«Այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են իրավիճակի թելադրմամբ, հիշատակի օրեր են լինելու, ըստ էության: Նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար: Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել… առաջին անգամ հրապարակում եմ նաեւ պատերազմի ընթացքում անհետ կորած սյունեցիների անունները՝ հույս ունենալով, որ հրաշք կկատարվի, եւ նրանք կվերադառնան ողջ… իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,-նշել է մարզպետը: