07 / Հունվար / 2021 : 14-18

«Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին». Վահան Տերյան

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես։

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։

 

Գերված ենք մենք - ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,

Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 07 / Հունվար / 2021 : 14-18
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 137846անգամ
Վերջին լուրեր