Սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանի շենքում. գտել են մեքենան, որով արկղի մեջ դիակը շենքից դուրս են բերել (լուսանկարներ)

Զարհուրելի սպանությունը տեղի է ունեցել Վեդիի քաղաքապետարանի շենքում. հայտնաբերվել է ավտոմեքենան, որով արկղի մեջ դրած դիակը քաղաքապետարանից դուրս են բերել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, համագործակցելով Արարատի մարզի դատախազության հետ, տաք հետքերով բացահայտել են Արարատի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:
Սպանությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանություն են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Նորայր Ն.-ն, 17-ամյա Կ. Մ.-ն, 55-ամյա Տիգրան Պ.-ն, 17-ամյա Մ. Մ.-ն և 57-ամյա Ժորա Բ.-ն:
Պարզվել է, որ հունվարի 5-ին նշված անձինք Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող Վեդիի քաղաքապետարանի սենյակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչ, 59-ամյա Պետրոս Ա.-ի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակցող Նորայր Ն.-ն, Մարսել Մ.-ն, Կ. Մ.-ն և Ժորա Բ.-ն ոտքերով և ձեռքներին ընկած տարբեր առարկաներով ծեծի են ենթարկել Պետրոս Ա.-ին՝ պատճառելով նրան մահ:
Արդեն հունվարի 7-ին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմաններում, Կարեն Մ.-ն, Ն. Մ.-ի հետ միասին, վերջինիս հոր՝ 45-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով սպանվածի դին փայտե արկղով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Վեդիի Գոմերի մոտ, գցել այնտեղ ու հեռացել:
Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կ. Մ.-ն, Մարսել Մ.-ն, Նորայր Մ.-ն և Ժորա Բ.-ն ձերբակալվել են:
Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


