«Ե՞րբ ենք մենք մի ազգ եղել։ Նախկինում բաժանված ենք եղել չորս նախարարության, ներկայումս՝ չորս կուսակցության». Լեռ Կամսար
ՄԱԿ-ին ճամփու դնելուց հետո, եկեք ազգովին նստենք եւ մեր մեջ խոսենք։
Մեր ազգը ա՞զգ է, որ դրա համար անկախություն պահանջենք։ Ե՞րբ ենք մենք մի ազգ եղել։ Նախկինում բաժանված ենք եղել չորս նախարարության, ներկայումս՝ չորս կուսակցության։
Չորս չորս էլ՝ հավասար է ութի։ Անկախությունը որքա՞ն մեծ է լինելու, որ ամբողջ ութ պետության բավարարի «Պետություն» եմ ասում, որովհետեւ այս մասերը հաճախ պատերազմի են ելել իրար դեմ ու դիակներ փռել։
Վարդանանց պատերազմին Վասակ Սյունին պարսկական փղեր հանեց Հայաստանի դեմ, 1921 թվականին հայ բոլշեւիկը ռուսական բանակ կանչեց երկիր, հայությունը բնաջնջելու։
Օտար պետությունները երբ պատերազմում են իրար հետ, վերջ ի վերջո հաշտության պայմանագիր են կնքում։ Բայց հայ ցեղի այս բաժան մասերը մի րոպե զինադադար անգամ չեն կնքում։
Պատերազմող պետությունները քսանմեկ տարեկան երիտասարդներ են բանակ կանչում, իսկ սա հայկական պետությունները զորակոչում են ի ծնե։
Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի այս կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշեւիկ կդիմանային։
Ինձ որ լսեք՝ կհրաժարվեք այս մեկ ութերորդ անկախությունից...
Առածն ասում է՝ «Պահք ուտեմ ժաժի՞կ ուտեմ»։
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ, 1959թ․, «Սոցիալիզմի Սահարա» (հատված)
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։