14 / Հունվար / 2021 : 14-16

Ինչ է տեղի ունեցել Շուշիում, Վանեցյանը լքե՞լ է մարտադաշտը. Քյարամյանը մանրամասներ է պատմել

Շուշիի համար մղվող մարտերն ու նախկին բարձրաստիճան ուժայինների պահվածքն առայսօր մնում են բուռն քննարկումների ու շահարկման առարկա,- գրում է armeniasputnik-ը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրային  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ժամանակ բերդաքաղաք Շուշիի համար մղվող մարտերին, խոսել իր նախորդի` ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի ջոկատի մասին տարածվող տեղեկությունից։

Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, թե իբր Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել են Շուշիի մարտական գործողության վայրը։

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քյարամյանը ներկայացրել է իր վարկածը ՝ տեղեկացնելով, որ իրավիճակի վատթարացումից հետո մոտ նա ժամանել է Շուշիի, որտեղ արդեն ստեղծվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած աշխարհազորը։ Շուշիի վրա հակառակորդի հարձակման օրը Քյարամյանը, Օհանյանը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի զինվորականները գտնվում էին շտաբում, կեսօրին այնտեղ է եկել նաև Վանեցյանը։

Քյարամյանի խոսքով ՝ Վանեցյանը պատմել է, որ եկել է իր ջոկատով, և ի սկզբանե պետք է մեկներ Մարտակերտ, սակայն հրամանատարությունը որոշել է, որ ինքը պետք է Շուշիում լինի։

 

Վանեցյանին և նրա ջոկատին տեղավորել են քաղաքի շենքերից մեկում։ Գիշերը սկսվել է ադրբեջանցիների հարձակումը։ Հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ և առաջարկել է զբաղեցնել սահմանագծերից մեկը։ Բայց Վանեցյանը պատասխանել է, որ իրենք նոր են ժամանել և դեռ պատրաստ չեն մարտի։ Մի քանի ժամ անց Օհանյանն առաջարկել է Քյարամյանին գնալ Վանեցյանի մոտ և առաջարկել նրան տեղավորվել պաշտպանական տեղամասերից մեկում։ Քյարամյանը հանդիպել է Վանեցյանի հետ, ներկայացրել իրավիճակը։ Վանեցյանը հավաստիացրել է, որ պատրաստ է զբաղեցնել ցանկացած դիրք։ Միասին մեկնել են շտաբ. նրանց առջև խնդիր է դրվել, որից հետո Քյարամյանը Վանեցյանին ուղեկցել է իր ջոկատի տեղակայման վայր։

Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վանեցյանի ջոկատը չի տեղակայվել ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Դրանից հետո ջոկատին ուղեկցել է մի գնդապետ, և Քյարամյանը նրա հետ միասին որոշել են, որ Վանեցյանի ջոկատից պետք է վերցնեն 10 հոգու և նրանց հետ մոտակա բարձունքը պաշտպանեն։ Այդպես էլ արել են։ Ճանապարհին Քյարամյանը տեսել է պաշտպանության ևս մեկ հարմար դիրք և վերադարձել է, որպեսզի լրացուցիչ ուժեր բերի այնտեղ տեղակայելու։ Վերադառնալով ՝ նա իմացել է, որ Վանեցյանը շտաբում է, իսկ մի քանի ժամ անց պարզվել է, որ նա մեկնել է Ստեփանակերտ ։ Ավելի ուշ Քյարամյանը պարզել է, որ Շուշիի տեղակայման վայրում Վանեցյանի մարդկանցից մնացել են ընդամենը 20-ը, իսկ մի քանի ժամ անց իմացել է, որ իրենք էլ են լքել տարածքը։

Դիտվել է 42407անգամ
Վերջին լուրեր