15 / Ապրիլ / 2020 : 16-36

Արշիլ Գորկի. Փաստեր եւ տեղեկություններ

 

Հեղինակ՝ Մարիա մարկոսյան 

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավաքելու... Ա. Գ.»։

- Ծնվել է 1904 թվականի ապրիլի 15-ին, արևմտյան Հայաստանում՝ Վանում (Խորգոմ գյուղ)։ 

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ինչպես նաև Վանի դպրոցներում։

- Իրական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան։
Արշիլ Գորկի՝ նկարչի կեղծանունն է:

- Մինչեւ 6 տարեկան հասակը Ոստանիկը չի խոսել. մի օր նրա մայրը կանգնել է անդունդի եզրին եւ ասել. «Եթե չխոսես, ցած կնետվեմ»։ Դեռ քայլ չարած՝ նա բղավել է. «Մայրի՜կ, մի նետվիր», - ու սկսել է խոսել։

- 1915ին գաղթել է Էջմիածին, ապա տեղափոխվել Երեւան, մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ։

- Սովորել է Երևանի թեմական դպրոցում՝ ուսումնասիրելով նկարչություն եւ փորագրություն փայտի վրա։

- 1919ին Ոստանիկ Ադոյանը իր մոր՝ Շուշանիկի մահից հետո, փոքր քրոջ հետ տեղափոխվել է Թիֆլիս, հաջորդաբար՝ Բաթում, իսկ 1920ին մեկնել է ԱՄՆ, ուր նախապես հաստատվել էին իր մեծ քույրերը։

- Ուսանել է Բոստոնի նկարչական դպրոցում։ 1924ին տեղափոխվել է Նյու Յորք եւ կրթությունը շարունակել տեղի Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ 5 տարի գծանկար և գեղանկար է դասավանդել։

- 1924 թվականին Ոստանիկ Ադոյանը անվանափոխվել է. Արշիլ Գորկի կեղծանվամբ է շարունակել իր ստեղծագործական կյանքը։

- Ամուսնացել է երկու անգամ. 1935ին Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարի անց ամուսնալուծվել է։
Երկրորդ ամուսնություն՝ 1941ին, Ագնես Մակգրոդերի հետ։

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից... Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում...Ա. Գ.»։

- 1933ին պատվերով ստեղծել է Նյու Յորքի օդանավակայանի որմնանկարը՝ նկարիչների օգնության կառավարական ծրագրի (PWAP) շրջանակներում։ 

- 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս կտավ։ 

- 1939ին Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին է մասնակցել։

- 1941ին երկու նկար է նվիրել կարմիր բանակին օգնելու նպատակով՝ Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսի ժամանակ։

- 1946 թվականին այրվել է հայտնի ամերիկահայ արվեստագետի արվեստանոցը. 36 նկար և գրադարանը մոխիր են դարձել, երբ նա պատրաստվում էր Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին։

- 1946՝ նույն թվականին քաղցկեղի վիրահատության է ենթարկվել։

- 1948 թվականին ավտովթարից վնասվել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ եւ մեծ դժվարությամբ նկարել է ձախով։

- «Մնաք բարով սիրելիներս» գրելով կտավակալի վրա, 1948ին, 44 տարեկանում Արշիլ Գորկին ինքնասպան է եղել՝ վերջին տարիների դժվարությունների և ամերիկահայության ուշադրությունից դուրս մնալու կսկիծից, ցավից՝ աշխարհին թողնելով թանկարժեք կտավների ժառանգություն։ 

- Հայոց ցեղասպանություն, Վանա լիճ և կորուսյալ հայրենիք՝ Արշիլ Գորկու արվեստում արտահայտված հիմնական թեմաներն են. ինքնատիպ, յուրահատուկ եւ վառ գույներ։

- Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մի շարք նշանավոր թանգարաններում ու պատկերասրահներում պահվում են հայազգի նկարչի կտավները՝ ԱՄՆ, Լոնդոն, Փարիզ և այլուր։
2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված...Ա. Գ.»։

- Գորկին իր աշխատանքները նկարել ու վերանկարել է տարիներ շարունակ, պատճառաբանելով, որ յուրաքանչյուր ավարտված կտավ անշունչ է լինում։ 

- Արվեստագետի ամենահայտնի և սիրված նկարն է «Ես եւ իմ մայրը» ստեղծագործությունը՝ երկու տարբերակով, ինչն էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը այդ կտավի հանդեպ: Ոգեշնչվել է 1912ին Վանում արված մի նկարից։ 

- Առաջին տարբերակը՝ թվագրված 1926-1936թթ., գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում, իսկ երկրորդը՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում է, թվագրված՝ 1926-1942թթ.։

- Կտավի առաջին տարբերակում մայրն ավելի երիտաարդ է եւ փոքրիկ Ոստանիկի ոտքերն իրար շատ մոտ են, իսկ երկրորդում՝ մայրը պատկերված է ավելի ծեր եւ տղայի ոտքերը՝ ուղիղ:

- Նկարում արտահայտված է Գորկու ծանր հիշողությունները, ապրումներն ու ցավը։ Խուսափել է պատկերելու մոր ձեռքերը (նման են խմորագնդերի):
Նա այս կտավով աշխարհին է ներկայացնում կորսված հայրենիքի ու նրա գեղեցկութան խորհրդանիշը՝ իր մոր կերպարով։

 

- Իր մեծարժեք կտավներով եւ ստեղծագործական տաղանդով, Ժամանակակից արվեստում որպես սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող, Արշիլ Գորկին արժանացել է համաշխարհային հռչակի։

- Գորկին Հոգևոր արմատներով, մանկության հիշատակներով կապված հայրենիքի ու հայ ժողովրդի հետ՝ աշխարհին ներկայացրել է հայ մշակույթը, արվեստը։
Նա հայ ժողովրդի սիրված զավակն է՝ մեծ հայ։

 

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 15 / Ապրիլ / 2020 : 16-36
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 82464անգամ
Վերջին լուրեր