Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունվար / 2021 : 17-23

Ովքե՞ր են «Թեմուրնոց»-ի սեփականատերերը և ի՞նչ «գործարքների» է գնացել Երևանի քաղաքապետարանը

Ինչպես հայտնել ենք, Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող «Թեմուրնոց» ռեստորանի սեփականատերերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ տրամադրվել է ապօրինի շինարարական թույլտվություն, որը հետագայում ուժը կորցրած է ճանաչվել, ինչն էլ տեղի է
ունեցել միայն Թամանյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչների դժգոհության և իրավախախտման մասին բարձրաձայնելու շնորհիվ։

Այսպիսով, 2019թ․–ի նոյեմբեր ամսին կառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին (Լուսայգ ՍՊԸ) տրվել է N 01/18-Ս-9043-1529 շինարարական թույլտվությունը, որով նախատեսվում է բնակելի շենքի 2–րդ հարկում գտնվող բնակարանը և նկուղային տարածքը վերակառուցել՝ գործառնական նշանակությունը բնակելիից փոփոխելով հասարակական շինության։

Թեմուրնոց ռեստորան

Երևանի սրտում գտնվող «Թեմուրնոց» ռեստորանի, 2-րդ հարկի և
նկուղային տարածքի սեփականատերերը «պատահական» մարդիկ չեն, ի դեպ։
Նարինե Սարկիսյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն է,
իսկ Հայկ Սուվարյանը վերջինիս ամուսինը, ինչպես նաև՝ ՀՀ Կենտրոնական
բանկի ֆինանսական վերահսկողության վարչության նախկին պետ,
«ՀայԷկոնոմ» բանկի խորհրդի անդամ Հրանտ Սուվարյանի որդին։ Հայկ
Սուվարյանն այժմ հանդիսանում է «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենը։
Հայր և որդի Սուվարյանները հայտնի են նաև որպես էլեկտրաէներգիայի
արտադրության՝ ՀԷԿ–երի խոշոր բիզնեսի սեփականատերեր, հատկապես
Արցախում նրանց պատկանող ընկերությունների կողմից շահագործվել են մի
շարք ՀԷԿ–եր, որոնք սակայն այժմ անհայտ կարգավիճակում են։
Հավանաբար «պատահական» չէ նաև վերջիններիս կողմից ձեռք բերված
«արտոնյալ ապօրինի» շինարարական թույլտվությունը, որը տրամադրվել է
քաղաքապետարանի կող մից։

Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսյանը՝ Տիգրան Սարգսյանիհետ

 

«Արդեն մեկ տարի շարունակ մեր շենքի 2–րդ հարկում ակտիվ
շինարարություն է ընթանում։ Պարզապես մեկ օր մենք հասկացանք, որ
ռեստորանի սեփականատերերը շինարարություն են սկսել, բայց թե ի՞նչ էր, ի՞նչ
նպատակով էր դեռ տեղյակ չէինք։ Միայն այն ժամանակ, երբ սկսեցին
խոսակցություններ շրջանառվել, որ «Թեմուրնոց»–ը նախատեսում է սրճարան
աշխատեցնել նաև 2-րդ հարկում, հասկացանք, թե ինչ է կատարվում և շատ
անհանգստացանք։ Մենք՝ բնակիչներս առանց այդ էլ ապրում ենք մշտական
աղմուկի և ռեստորանային բիզնեսի կիզակետում, դրան պետք է գումարվեր նաև
2-րդ հարկի տարածքի շահագործումը։ Դեռ չհաշված, որ ինչ–որ փուռ էր
նախատեսվում կառուցել նաև նկուղային հարկում, ինչը մեզ անհանգստացրեց
նաև անվտանգության նկատառումներից ելնելով։ Ամենակարևորը, սակայն, այն
է, որ մեզ՝ բնակելի շենքի սեփականատերերին ոչ ոք ոչինչ չէր հարցրել»,–
Yelaket.am հետ զրույցում հայտնել է ահազանգող բնակիչներից մեկը։

Թամանյան 2, շինարարական աշխատանքներ

 

Բնակիչները մի քանի անգամ դիմել են ՀՀ քաղաքաշինության,
տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ինչպես նաև՝
ոստիկանություն, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Բնակիչների
բազմաթիվ ահազանգերից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից գրություն է
ներկայացվել Երևանի քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ նշված հասցեի
քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են սահմանված կարգի
խախտումով՝ նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չեն
առնվել բազմաբնակարան շենքի համասեփականատերերի
համաձայնությունները, և Տեսչական մարմնի կողմից տրվել է պարտադիր
կատարման ցուցում՝ կասեցնելու շինարարության թույլտվությունը մինչև
արձանագրված խախտումների վերացումը, ինչից հետո Հայկ Մարությանը
տրված թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին թույլտվություն է
ստորագրել, որն, ըստ էության, մնացել է անկատար։

«Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց
մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու
մասին» ՀՀ կառավարության N 88 որոշման համաձայն՝ N 2 հավելվածով
հաստատված N 1 ձևին համապատասխան դիմում հայտի 3-րդ կետը սահմանում
է, որ դիմումատուն պարտավորվում է տեղեկացնել բազմաբնակարան շենքի
կառավարման մարմնին գործառնական նշանակության փոփոխության մասին՝
վերջինիս պետական գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Բացի այդ՝ խախտվել է նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ
օրենքի 11–րդ հոդվածը։ Թամանյան 2 հասցեի բնակիչները պնդում են, որ
տեղեկացված չեն եղել իրականացվող աշխատանքների, գործառնական
նշանակության փոփոխման, ինչպես նաև՝ միջհարկային ծածկի փոփոխման
մասին, ուստի թույլտվությունը տրվել է և աշխատանքներն իրականացվել են
ապօրինաբար, ինչը հաստատվել է նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մեզ
տրամադրված տեղեկատվությամբ։


Այժմ, վերոնշյալ թույլտվությունը քաղաքապետ Հայկ Մարությանի
որոշմամբ ճանաչվել է անվավեր, սակայն լարվածությունը բնակիչների և
սեփականատերերի միջև պահպանվում է։ Մեկ տարի շարունակ ապօրինաբար
իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում «Թեմուրնոց»
ռեստորանի սեփականատերերին հաջողվել է 1-ին և 2-րդ հարկերի միջև
աստիճանների համար նախատեսված անցք բացել (միջհարկային ծածկերի
փոփոխություն), որով նախատեսվել է երկու հարկերը կապել միմյանց, ինչը ՔՏՀԱ
տեսչական մարմնի կողմից համարվել է իրավախախտում և տրվել են
հանձնարարականներ։ Սակայն, մինչ այսօր անցքը չի փակվել, իսկ
շինարարությունն էլ շարունակվում է, ավելին՝ ապօրինի թույլտվություն
տրամադրած Քաղաքապետարանը դեռևս ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել
պարտադրելու կառուցապատողին վերացնել իրավախախտման հետևանքները։

Թամանյան 2 շենք

Yelaket.am-ը զրուցեց նաև փաստաբան Աշխեն Դաշյանի հետ, ով
պարզաբանեց խնդիրն իրավական տեսանկյունից։ «Երևանի քաղաքապետը`
որպես նշված իրավախախտման գործով քննություն և համապատասխան
որոշում կայացնող պաշտոնատար անձ, պարտավոր է իրեն վերապահված
լիազորությունների շրջանակներում արձագանքելու նշված իրավախախտմանը,
առաջին հերթին դա քաղաքապետի գործառույթներն են հետևողական լինելու իր
կողմից կայացված վարչական ակտի՝ անվավեր ճանաչված ակտի կատարմանը,
հետևաբար այն բնակիչների համաձայնության դաշտ տեղափոխելը իրավաչափ
չէ, բնակիչների մեծ մասը հայտնել է իր դիրքորոշումը նշված հարցի
կապակցությամբ, նշել իրենց հանգստի, առողջության, ընտանեկան կյանքի
հարգանքի իրավունքների խախտման մասին, մյուսը արդեն պետության
պոզիտիվ պարտականությունն է ապահովել այն»,– ընդգծեց փաստաբանը:

Աշխեն Դաշյան, փաստաբան

Ավելին, ստեղծված իրավիճակի հետևանքով ձևավորված լարված
մթնոլորտը կառուցապատողների և բնակիչների միջև սրվում է, քանի որ նրանք
պետք է «համաձայնության» գան մի հարցի շուրջ, ինչը կռվախնձոր է դարձել
արդեն տևական ժամանակ։

Բնակիչը շարունակեց․ «Նրանք մինչ այժմ համոզված են, որ
աշխատեցնելու են այդ սրճարանը։ Տարբեր տեղեր հայտարարում են՝ «մեկա
բացելու ենք, 1–ին հարկը ոնց բացեցինք, էտ էլ ենք բացելու և այլն»։ Այսինքն,
դեռ նախկին տարիներից եկած նրանց ինքնավստահությունը հավանաբար
ինչ–որ հիմքեր ունի, քանի որ նրանց ամեն դեպքում հաջողվել էր ապօրինի
թույլտվություն ստանալ։ Հիմա էլ վստահ են, որ աշխատացնելու են, իսկ մենք
չենք ուզում ոչ մի նոր սրճարան մեր տարածքում, մեզ եղածը բավական է։ Չենք
ուզում մենք այդ աստիճանը, նախ քանի որ այդտեղ կարող է անվտնագության
հարց առաջանալ, հետո ապօրինի է բացվել, բացի այդ էլ՝ նրանք միշտ հույս են
ունենալու ու փորձեր են ձեռնարկելու ինչ–որ բան անել 2-րդ հարկում, ինչն էլ մեզ
մշտական անհանգստության մեջ է պահելու։ Մենք չենք ուզում ամեն անգամ
ոստիկանություն կանչել, քաշքշուկի մեջ ընկնել, անհանգստանալ, թե հիմա ինչ
են մոգոնել, ինչ են անում։ Մեզ մեր անդորրն ու հանգստի իրավունքն է պետք»։

Վարույթի շրջանակներում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից վարչական
պատասխանատվության է ենթարկվել նաև կառուցապատող ընկերության
տնօրենը։ Կառուցապատող «Ղավարմշին» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն
Հախնազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 8-րդ հոդվածի 2-րդ մասի
հատկանիշներով, վերջինիս նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ տուգանք
300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Տեսչական մարմնի
կողմից հայտնաբերվել է, որ տվյալ հասցեում կատարվող շինարարության որակի
տեխնիկական հսկողությունը ևս իրականացվել է օրենքով սահմանված կարգի
խախտումներով, որի արդյունքում 12․07․2020թ․ տեխնիկական հսկողություն
իրականացնող ընկերությունը ենթարկվել է վարչական
պատասխանատավության։ «ԵվրոհիդրոԷներգո» ՍՊ ընկերության տնօրեն
Դավիթ Պապիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 13-րդ հոդվածի
հիմքով, վերջինիս նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ տուգանք 50․000
(հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Ինչպես հայտնել ենք՝ վարչական
պատասխանատվության է ենթարկվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ
Մարությանը։

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ

Փաստաբան Աշխեն Դաշյանը հավելեց՝ եթե կառուցապատողն
աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել օրենսդրությամբ
սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից
շինարարության թույլտվության գործողությունը կասեցվում է իրավասու մարմնի
որոշմամբ` մինչև կասեցման պատճառների վերացումը, մինչդեռ այս դեպքում
այն շարունակվում է, ինչը պաշտոնատար անձի անգործության հետևանք է:
Փաստաբանը մեզ հետ զրույցում մանրամասնեց․ ««Վարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով իրավակարգավորման
համաձայն՝ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի
հանգեցնում իրավաբանական հետևանքների, սակայն, եթե մինչև ոչ իրավաչափ
վարչական ակտի անվավեր ճանաչելը դրա կատարման կամ կիրառման
հետևանքով որևէ անձի կամ Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ
համայնքի վնաս է պատճառվել, ապա դա ենթակա է հատուցման։ Նույն օրենքի
համաձայն վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության
հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման: Նշված
դեպքով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված
վնասի համար պատասխանատվությունը կրում է քաղաքապետը` քաղաքային
համայնքում: Վնասի հատուցումը կատարվում է համայնքային բյուջեի
միջոցների հաշվին:


Այս գործով փաստացի կառուցապատող «Ղավարմշին» ՍՊ ընկերությունը և
տեխնիկական հսկողության համար պատասխանատու «ԵվրոհիդրոԷներգո» ՍՊ
ընկերությունը թույլ են տվել խախտումներ, իրականացրել օրենքի
պահանջներին հակասող գործողություններ, որոնք իրենց հերթին վնասներ են
պատճառել և շարունակում են պատճառել բնակիչներին, նրանց առողջությանը»:

Հայկ Սուվարյան

Քանի որ վարչական մարմնի կողմից արձանագրվել են «Ղավարմշին» ՍՊ և
«ԵվրոհիդրոԷներգո» ՍՊ ընկերությունների կողմից թույլ տրված խախտումներ,
հետևաբար անկախ իրականացվող ապօրինի շինարարական գործողությունների դադարեցմանն կամ ապամոնտաժմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց, պետք է հատուցվեն նաև բնակիչներին պատճառված վնասները:


«Ի վերջո վնասի հատուցումն իրականացվում է ոչ միայն դրամական
միջոցներ հատուցելու եղանակով, այլև վարչարարությամբ առաջացած
հետևանքները վերացնելու՝ մինչդեռ մինչ օրս այդ հետևանքները չեն
վերացվել»,– եզրափակեց Աշխեն Դաշյանը:

Թամանյան 2, «Թեմուրնոց» ռեստորան

Առաջացած հարցադրումների և ստեղծված իրավիճակի շուրջ
պաշտոնական գրությամբ մի շարք հարցադրումներ ուղղեցինք
Քաղաքապետարան, որոնց Քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը հրաժարվեց պատասխանել՝
տրամադրելով միայն քաղաքապետի վերոնշյալ որոշման հղումը, որին արդեն իսկ
տիրապետել ենք։ Եվս մեկ հարցմամբ խնդրել ենք տրամադրել նաև
տեղեկություններ Քաղաքապետարանի կողմից տրամադրված շինարարական
թույլտվությունների ցանկը, որոնցով նախատեսված է եղել անշարժ գույքի
գործառնական նշանակության փոփոխություն, մասնավորապես՝ բնակելիից
հասարակական նշանակության։ Այս հարցումը ևս մնացել է անպատասխան՝
պատճառաբանելով, թե շինարարության թույլտվությունների տեղեկատվության
հաշվառում չի իրականացվում։

Նշենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն մի քանի
անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության նմանատիպ
ապօրինի շինարարական թույլտվություններ տրամադրելու համար։
Թերևս, բոլորին է հասկանալի, որ այս «գործարքների» հիմնական
կատարողն անձամբ քաղաքապետը չէ, այլ Քաղաքապետարանի
տարբեր վարչությունների ու բաժինների աշխատակիցները, սակայն
ամբողջ պատասխանատվությունը կրել է նա, քանի որ չի ցուցաբերել
պատշաճ ուշադրություն և չի սահմանել բավարար վերահսկողություն
իրականացված աշխատանքների նկատմամբ։

Այժմ էլ, Քաղաքապետի վերոնշյալ որոշման կատարման կազմակերպումն
ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,
քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա,
իսկ կատարման հսկողությունը հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղարին, սակայն մինչ այժմ նշված տարածքում
իրականացվում են աշխատանքներ, ինչպես նաև միջհարկային ծածկի ապօրինի
փոփոխությունը չի բերվել նախկին տեսքին։


Շարունակելի․․․

Դիտվել է 180016անգամ
Վերջին լուրեր