Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունվար / 2022 : 15-42

Ինչպես Ղազարյանը դարձավ Սևակ...

Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը հայտնի է խորհրդահայ նշանավոր մի քանի գրողների գրական կեղծանունների «կնքահայր» լինելով: Նա ներկայացրել է Պ. Սևակի՝ բանաստեղծական անվան մկրտման պատմությունը: - Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում: Այդպես էլ՝ 42 թվականին 7-րդ համարում տպագրեցի նրանից մեկ բանաստեղծություն («Անխորագիր»), իսկ հաջորդ համարում՝ երեք բանաստեղծություն` «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին»: Եվ այսպես նա դարձավ Պարույր Սևակ: (Այդուհետ Պարույր Սևակը այլևս չտպագրվեց մինչև 1948թ., իսկ Ռուբեն Զարյանը Պարույր Սևակի բանաստեղծությունների տպագրության համար հեռացվեց աշխատանքից:) - Իսկ ինչո՞ւ Սևակ: Չէ՞ որ Ռուբեն Սևակը նույնպես հայտնի անուն է:
- Իսահակյանից մի պատմություն էի լսել, երբ Սիամանթոյին, Վարուժանին, Սևակին, մեր մյուս մտավորականներին տանում էին դեպի իրենց կյանքի վախճանը, շեյխի աղջիկը հիվանդանում է: Սևակը, որ մասնագիտությամբ բժիշկ էր, բուժում է շեյխի աղջկան: Շեյխը կյանք է շնորհում Սևակին, բայց վերջինս մերժում է: «Իմ կյանքը այնտեղ է,- ասում է բանաստեղծը,- ընկերներիս հետ»: Եվ ես ցանկացա, որ սպանված բանաստեղծը իր ազգանունով ապրի այս նոր բանաստեղծի մեջ: Եվ բանաստեղծ Պարույր Ղազարյանը ասպետությամբ կրեց իր ՍԵՎԱԿ ազգանունը: ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Author's cover photo
Ամսաթիվ 24 / Հունվար / 2022 : 15-42
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 112402անգամ
Վերջին լուրեր