Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Փետրվար / 2021 : 20-11

«Վա՛յ նրանց, ում հոգին դատարկ է...». Զաբել Եսայան

Նկարներում Զաբել Եսայանի ձեռքի աշխատանքներն են 

Պատրաստեց՝ Մարիա Մարկոսյան 

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

 

«Ժամերով կառանձնանայի սենյակս և կկարդայի։ Ուրիշ հարցեր ու խնդիրներ սկսան ինձ զբաղեցնել և առաջին հերթին իմ դպրոցական ընկերուհիներուս և դեռ շատ ուրիշ ծանոթ բարեկամուհիներու դրությունը, որոնք հակամարտության մեջ էին ոչ միայն հասարակության կարծիքին հետ, այլև իրենց ընտանիքին, իրենց ծնողներուն և գլխավորապես իրենց հոր հետ։

 

Այս նորահաս աղջիկները առանձին դուրս չէին կրնար ելլել, անոնցմե ոմանք ստիպման տակ էին ամուսնանալու այնպիսի մարդոց հետ, որոնց նկատմամբ ատելություն ու արհամարհանք ունեին։ Ազատ չէին հագնելու ինչպես կուզեին, վարվելու ինչպես հարմար կգտնեն, վերջապես անոնք զրկված էին ամենատարրական ազատություններե և կզգային, որ ուշ թե կանուխ պիտի մտնին ծնողական ցանկապատին մեջ, ուրկե դուրս գալու ու նոր կյանք մը ստեղծելու ցանկությունը ունեցած էին... 

․․․ այդ աղջիկները կհամարեին, որ ես բացառիկ դրության մեջ եմ, քանի որ լուսավորյալ հայր մը ունիմ, որ ինձ արգելք չի հանդիսանար։ Խնդիրն այն էր, որ ես առանց երկար-բարակ մտածելու սովոր էի գործնականապես պայքարիլ արգելքներու դեմ, երբ անոնք ներկայանային և հորս ազատախոհությունը բավական չէր իմ ճանապարհես հեռացնելու այն բոլոր արգելքները, որ հետամնաց մտայնությամբ քաղքենի հասարակությունը ճնշիչ կերպով կդներ ամենուս վրա։ Կյանքը ինձ ցույց տված է, որ այդ պայքարը անողոք էր և շարունակական»։

ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆ «Սիլիհտարի պարտեզներ» (Հատված) 

«Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին…»:

ՀԱՏՎԱԾ ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ՝ ԴՍՏԵՐԸ՝ ՍՈՖԻԻՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԻՑ, 1914 թ․

«Ես կրկին մտածում եմ, որ չնայած առօրյա հոգսերին, յուրաքանչյուրի հոգու խորքում ինչ-որ տեղ անձեռնմխելի և իրական տաճարներ կան, որոնք նա անձամբ է կառուցել, որպեսզի ցանկացած պահի ապաստանել կարողանա..․
Վա՛յ նրանց, ում հոգին դատարկ է...»։

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիկական հատկությունները զարգացնելու համար: Ինքզինքին հարգող բոլոր կիներուն իդեալը միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլա, այլ երկրիս վրա գործոն բարերար տարր մը դառնալը»:

 

«Հայրենիքը վտանգի մեջ էր. ու հարկ եղավ մոռնալ բոլոր քեները, մոռնալ արժանապատվության վիրավորանքները, ոմանց ապերախտությունը ու ինքնավստահությունը, ուրիշներուն ամբարտավանությունը, ու միացած կուրծք տալ թշնամիին ու պայքարիլ ամեն միջոցներով. վերջնակա՞ն է հաղթանակը. անկարելի է որոշել, քաղաքական հորիզոնը մութ է սեւ ամպերով, ու ամեն ժամանակե ավելի լրջություն, հանդարտությունը ու քաջություն անհրաժեշտ են ամենուն գործունեության մեջ»։ 

 

«Մեր հայրերեն մեզի ավանդված ժառանգություններեն ամենեն շքեղը, ամենեն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պետք է պահպանենք հուզումով, հրայրքով եւ խանդավառությամբ: Ես վստահ եմ, որ կպաշտպանենք»:

«Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունը արդարության դեմ պայքարելու զենք է»։

«Զգուշություն ու չափավորություն մեր ուրախություններուն ու մեր ատելություններուն մեջ, որովհետեւ միտքերու եւ հոգիներու այս գերագրգռուած վիճակին մեջ, բոլոր հրատարակուած տողերը ու բոլոր արտասանված բառերը շարժումներու կփոխվին ու ամեն շարժումի տակ արյուն կա»։

ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Փետրվար / 2021 : 20-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 40889անգամ
Վերջին լուրեր