Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են (լուսանկարներ)

Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքներից և որոշ մանրամասներ հայտնել:
Մեր զրուցակիցը պատմում է, որ երկրաշարժի պահին ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել: 19:30-ին մոտ էր, երբ հանկած դղրդոց են լսել:
«Ես պառկած էի, տնեցիները միջանցքում էին, մեկ էլ դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն սկսեց գոռալ, ու լույսերն անջատվեցին: Հեռախոսիս ֆանարիկը միացրի: Բոլորս մի կերպ փախանք դուրս: Տեսնենք՝ հարևանները գոռալով դուրս են գալիս: Մի քանի վայրկյանից ցնցումներ էլ չկային: Մտածեցի՝ մտնեմ տուն, շոր բերեմ, որ չմրսենք, տկլոր էինք, մեկ էլ դռան մոտ նորից դղրդոց լսեցինք, վախից հետ գնացի ու կանգնեցի: Էլ ներս չմտանք, մի քիչ անցավ, նորից թույլ դղրդող լսեցինք ու վերջ…»,-ասում է Վահանի բնակչուհին:

Հայկուշը նաև պատմում է, որ հետցնցումներից հետո հարևաններով մոտ 2 ժամ դրսում են եղել: Ներս են մտել միայն 21:30-ի մոտակայքում, երբ գյուղում էլեկտրէներգիան միացել է:
«Մինչև ժամը 9-ը դրսում էինք: 9 անց կեսի կողմերը լույսերը տվեցին: Հետո մտանք, տեսնենք՝ տան համարյա բոլոր պատերը ճաք են տվել»,-պատմում է Հայկուշը:

Վահան գյուղի բնակիչը նաև որոշ լուսանկարներ է տրամադրել գյուղի մյուս բնակիչների տներից: Պատմում է՝ եթե իրենց պատն է ճաքել, հարևաններից մեկի առաստաղից է հող թափվել, մյուսի պատի նկարներն ու սրբապատկերն են ընկել: