Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Փետրվար / 2021 : 16-52

Տիգրան Սարգսյանի դուստրը և փեսան դատի են տվել Երևանի քաղաքապետին

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը և վերջինիս ամուսինը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Ազրոյանի, ծանոթանալով ներկայացված հայցադիմումին ու կից
փաստաթղթերին որոշել է հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ընդունել վարույթ։


Ինչպես հայտնել ենք՝ խրթին իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի սրտում գտնվող՝ Կասկադ համալիրի հարակից շենքերից մեկի՝ Թամանյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի շուրջ։ 2019թ․–ին «Թեմուրնոց» ռեստորանի սեփականատերերին՝ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին, Երևանի քաղաքապետի որոշմամբ տրվել է «ապօրինի» շինարարական թույլտվություն,
որով նախատեսվել է 2-րդ հարկի բնակելի տարածքը վերակառուցել հասարակականի։ Այնուհետև, նույն շենքի բնակիչների բազմաթիվ ահազանգերի և բողոքների արդյունքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ և 2020թ․–ի սեպտեմբեր ամսին տրված թույլտվությունը նույն
քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է անվավեր։


«Թեմուրնոց» ռեստորանի և 2-րդ հարկի սեփականատերերը
«պատահական» մարդիկ չեն։ Նարինե Սարկիսյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն է, իսկ Հայկ Սուվարյանը՝ վերջինիս ամուսինը, ինչպես նաև՝ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության
վարչության նախկին պետ, «ՀայԷկոնոմ» բանկի խորհրդի անդամ Հրանտ Սուվարյանի որդին։ Հայկ Սուվարյանն այժմ հանդիսանում է «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենը։


Ահազանգող բնակիչները Yelaket.am-ի հետ զրույցում վստահություն են հայտնել, որ բոլոր ապօրինի գործարքներն իրականացել են հենց Նարինե Սարկիսյանի և Հայկ Սուվարյանի «ազդեցիկ» լինելու, մեծ գումարների և «հին ու
բարի» մեթոդի՝ «խնամի–ծանոթ–բարեկամ» սկզբունքով։ Բնակիչները պնդում են, որ մինչ այսօր՝ հաշվի չառնելով ո՛չ Քաղաքապետի որոշումը, ո՛չ բնակիչների տեսակետը, «Թեմուրնոց» ռեստորանի սեփականատերերը շարունակում են իրականացնել իրենց ապօրինի ծրագիրը։


Հավանաբար այս է պատճառը, որ անգամ ՔՏՀԱ տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի կողմից ֆիքսված իրավախախտումներով հանդերձ, Տիգրան Սարգսյանի «զավակները» որոշել են դիմել նաև դատարան։ Ստացվում
է, Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսյանի կողմից թույլ են տրվել մի շարք իրավախախտումներ, ոտնահարվել են նույն շենքի բնակիչների իրավունքները, այնուամենայնիվ դեռ իրենք են որոշել դիմել դատարան։ Միգուցե վերջիններս
արդեն իսկ վստա՞հ են դատարանում իրենց սպասվող հաջողությանը։


Թամանյան 2 շենքի բնակիչները, սակայն, շարունակում են պնդել՝ «․․․սրճարան չի՛ լինելու։ Որքան էլ նրանք ազդեցիկ են ու փող ունեն, բայց մենք էլ Երևանի քաղաքի օրինավոր բնակիչներ ենք և ունենք մեր տեսակետը, դիրքորոշումն ու իրավունքները։ Այս դեպքում նրանց փողերը չեն օգնի։ Մենք
ամեն կերպ պաշտպանելու ենք մեր իրավունքները»։


ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով նշվում է, որ համահայցվորներ Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսյանը դատարանից պահանջում են 26.11.2019թ. տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության
թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին թիվ 2899-Ա որոշումը վերացնել, Երևանի քաղաքապետարանին բարեպաստ վարչական ակտ ընդունել, այն է՝ համահայցվորների ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտ և շահագործման թույլտվություն տրամադրել։ Հայցադիմումն ընդունվել է
վարույթ, իսկ որպես երրորդ կողմ է ներգրավված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։


Ստացվում է, որ տվյալ շենքի բնակիչներին փորձում են անգամ դատավարության գործընթացից դուրս թողնել։ Ռեստորանի սեփականատերերը դատարանից պահանջում են թույլ տալ շահագորել իրենց «ապօրինի» շինարարությունը, այն դեպքում, երբ ամբողջ գործընթացն ի սկզբանե
իրականացվել է մի շարք իրավական նորմերի խախտումներով։


Իսկ թե այս պարագայում ի՞նչ դիրքորոշում ունի Երևանի
քաղաքապետարանը մնում է անհայտ․․․ կպաշտպանի արդյո՞ք քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի բնակիչների շահերը, թե՞ ոչ։

Դիտվել է 64289անգամ
Վերջին լուրեր