13 / Փետրվար / 2021 : 13-23

«Թող հետևի ինձ նա, ով դեռ չի մեռել բարոյապես...». Գարեգին Նժդեհ

Պատրաստեց՝ Մարիա Մարկոսյան 

«Ներո՜ւմ եմ բոլորին, ներում կրկնակ պատճառներով- առաջին՝ իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ Հայ մարդ և երկրորդ՝ խորապես հասկանում եմ այդ դժբախտներին, որոնք դեռ չեն հաղթահարել ստրուկն իրենց մեջ, որով և մնացել են տկար և չար:
Այսօր, իբրև հայրենակարոտ տարագիր մի հատիկ ցանկություն ունեմ՝ մեռնե՜լ Հայրենի լեռների վրա»:

***

«Օտար լծերի տակ երկարորեն ապրած ժողովուրդներին հատուկ է մի հոգեգիծ, որը հոգեգիտակցությունը անվանում է «ստրկական երկյուղ»։ Այդ ամոթալի արատից, այդ չարիքից զերծ է հայ էությունը, որովհետև օտար իշխանությունների լուծը կրելով հանդերձ, նա չի դադարել իրեն զգալ ավելի բարձր իր երկրին բռնորեն տիրողից»։

***

«Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք Մետերլինկյան կույրերի պես մոլորված տգիտությամբ անտառում՝ շարունակում են խարխափել մթության ու անստուգության մեջ՝ մոլար ճամփաների վրա․․․»։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Ընդհանուր տեսակետ ունենալ արտաքին թշնամու հետ` նշանակում է ներքին հակասության մեջ լինել հարազատ ցեղի հետ»:

***

«Մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, դա Հավիտենական Արդարության Օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի նվազել սերը դեպ հարազատ երկրամասը»:

***

«Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն բան։ Տկարը մեղավոր է, որ տկար է. ահա դատավճիռը։ Աշխարհը չի սիրում տկարներին»։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև՝ հաղթական հայրենիք չի ունենա»։ 

***

«Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան»։ 

***

«Վախկոտները խորհում են, տատանվում, անվախները՝ վճռում, հանդգնում»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի՛ քան բոլորը: Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք»։ 

***

«Եղի՛ր այնքան ուժեղ, խրատում է պատմությունը, որ թշնամիդ չհանդգնի հարձակվել»։ 

***

«Ով չի գերազանցում իր նախորդին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Հայրենապաշտությո՛ւն - մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա։
Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության»։ 

***

«Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է «տգիտության անտառում»։ Շարունակում է խարխափել մթության ու անստույգության մեջ՝ մոլոր ճամփաների վրա»։ 

***

«Այո՛, ժողովուրդները տառապել են և կտառապեն իրենց առաջնորդների անիմաստության և հոգևոր անզորության երեսից»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Թող հետևի ինձ նա, ով դեռ չի մեռել բարոյապես...»։

***

«Ուշացավ, շատ ուշացավ մեր ազատագրումն օտար մտածողությունից: Արդարև, աղքատ չէ՛ հայ ուղեղը, բայց վերջին տասնամյակներում հայությունը մեծ իմաստուններ – Խրիմյաններ չծնեց: Հոգևորապես պաղ է հայ մտածողությունը – պաղ է հայ մարդու մտքի կորովը, դրա համար էլ դա դժվարանում է թափանցել իրերի և էությունների խորքը: Նրա մտածողության պրոցեսը տեղի է ունենում կրքերի ճնշման տակ»։ 

***

«Նվաստություն, ներողամտություն, խոնարհություն, սրանցով գուցե և կարելի լինի երկարել հիվանդությունը, բայց այս բարոյազուրկ միջոցները չեմ փրկի նրան ո՛չ հիվանդությունից, ո՛չ էլ՝ մահից: Փրկություն չէ հոգեվարքի երկարումը: Ինչպես և ցավերի ժամանակավոր մեղմացումը, երբ հիվանդությունը պիտ շարունակի մնալ և սպառնալ մահվամբ: Ցավերը վերացնելու համար՝ հիվանդությունը, պատճառներն են, որ պետք է գտնել: Թուլություն է, որ պետք է խաչ հանվի: Անիծված թուլությունը, որի պատճառով դարերով տառապանքի և ստորացումի դառն բաժակն է դատարկել մեր ժողովուրդը»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Ես տեսա հոգևոր ազատը ստրկության մեջ և սիրեցի մարդը: Ես տեսա ստրուկն ազատության մեջ և գարշեցի մարդուց»։

***

«Դատապարտելի և բարոյազուրկ է այն երջանկությունը, որ հակասության մեջ է հավաքական երջանկության հետ, որ նպաստում է ցեղի տկարացման, որ խաթարում է այն ներդաշնակությունը, որը գոյություն պիտի ունենա մեր մասնավոր նպատակների և ազգային իդեալի միջև:
Քաղաքական միակրոնություն պետք է մեզ, քանզի միակն ենք ժողովուրդներից, որն իրավունք չունի ներքուստ պառակտված լինելու»։ 

***

«Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրև միջոց»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

«Ձեռքդ դիր նախահայրերիդ հզոր աջի մեջ եւ դու պիտի զգաս, թե ինչպե՛ս ուժեղ է զարկում սիրտդ, զորեղանում բազուկդ, պողպատանում կամքդ»։

***

«Ծիծաղելի´ է տկարի ներումը , ինչպես և նրա հաշտարար ոգին: Տկարին իրավունք տրված չէ´ մեծահոգի լինել:
Նա չի´ էլ կարող այդպիսին լինել:
Մեր ներումը շարժում էր աշխարհի նողկանքը միայն։ 

Ներել եք ուզում - հաղթե´ք նախ»։ 

***

«Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին… Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:
Ժողովուրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

«Ցա՛վ է, երբ օտար ազգերը չեն ճանաչում մեզ. ցա՛վ է բյուրիցս, և վատությո՛ւն, երբ օրվա հայությունն ինքը չի ճանաչում իրեն»։ 

***

«Անբարոյական է այն ամենը, որ նվազեցնում է մեր հոգեկան արիությունը»։

***

«Հերիք է,որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս, և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

«Կույր եւ բարբարոս կուսակցամոլությունը - մի զարհուրելի ախտ, որ պիտ թուլանա, որ ուժեղանանք ազգովին»։ 

***

«Մարդն է իր հաղթությունների ու պարտությունների պատճառը: Եվ հաղթում է նա, որն արդեն հաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդեն հաղթել է ինքն իրեն»։ 

***

«Ահա եւ իմ վերջին խոսքը.
-Կուզեի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, հաղթության թեւերի վրա, զորքերիս գոռ աղաղակների մեջ: Սակայն ուր էլ եւ ինչպես էլ մեռնեմ, թող սյունյաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լեռան սրտի մեջ ամփոփեն իմ մի բուռ աճյունը:
... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդե:
Զինվոր զավակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա»։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Նժդեհ Ռահվիրա

https://www.facebook.com/525095134257472/posts/3482937015139921/

Author's cover photo
Ամսաթիվ 13 / Փետրվար / 2021 : 13-23
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 105050անգամ
Վերջին լուրեր