Փաշինյանը՝ անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին աջակցության ծրագրի մասին
Անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել: Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց նա և նշեց, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:
«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, որոշակի ճշգրտումների կարիք կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են, այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները»,-ասաց փոխվարչապետը: