Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Փետրվար / 2021 : 18-09

Իսկ այդ ժամանակ երբ ժողովուրդն ապստամբեց, իրենք չեն համարձակվի կրակել․ Վազգեն Մանուկյան

Այս իշխանության ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, որովհետև այդ գայթակղությունը, որ դեմները մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի և փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը, դա միշտ գայթակղություն է առաջացնում պատերազմի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինչո՞ւ 1994 թվականից հետո մինչև 2016 թվականը պատերազմ չտեսանք մենք, որովհետև մենք հաղթեցինք պատերազմում, դիմացինը համոզված էր, որ մենք ուժեղ ենք, ինքը պատրաստվում էր, 2016 թվականին փորձեց էլի, տեսավ՝ չի ստացվում, այսինքն՝ միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը։ Նիկոլի՝ մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը վստահություն էր հայտնել, որ չեն համարձակվի կրակել ժողովրդի վրա, որտեղի՞ց այդ վստահությունը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի այն դեպքում միայն, երբ իսկապես համազգային շարժում լինի և դիմացինը դրդի դրան։ Գիտեք, ապստամբությունը ժողովուրդը չի ստեղծում, ապստամբությանը դրդում է իշխանությունը։ Մենք հիմա զբաղված ենք համազգային շարժումը ձևավորելով։

Շարժումն ինքը՝ մասնակիցները տասնյակ հազարավոր են, բայց տներում նստած մարդիկ, որոնք իրենց մասնակից են զգում՝ հարյուր հազարավոր են։ Մենք ուզում ենք այս երկու թիվն էլ մեծացնել։ Այդ համազգային շարժումը երբ բոցկլտա Հայաստանում… սրանք վախկոտ մարդիկ են, բոլորին ճանաչում եմ։

Նրանցից ոչ մեկը պատերազմում չի եղել, ոչ մի վտանգ չի տեսել, էդ վախկոտ մարդիկ շատ վտանգավոր են, որովհետև իրենք խուճապից ելնելով կարող են անցնել այնպիսի գործողությունների, որ դրդեն ժողովրդին ապստամբելու։

Իսկ այդ ժամանակ երբ ժողովուրդն ապստամբեց, իրենք չեն համարձակվի կրակել։ Դա ոչ միայն մեր երկրի օրինակն է, այլ կարող եմ շատ երկրների օրինակներ բերել»:

Դիտվել է 6635անգամ
Վերջին լուրեր